Меню навигации+

Գլխավոր էջ

1999-2000 թվականներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունվեց դատաիրավական բարեփոխումներն ապահովող օրենսդրական ակտերի փաթեթ, որի մեջ մասնավորապես մտնում էին միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության, դատախազության, փաստաբանական գործունեության, դատարանակազմության, դատավորի կարգավիճակի, մագիստրատուրայի խորհրդի մասին  օրենքները:

Նշված օրենսդրական փաթեթը կիրարկության մեջ դրվեց 2002 թվականին: Նույն թվականի փետրվարի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց “Դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում Գերագույն և առաջին ատյանի դատարանների գործունեության մասին” ԼՂՀ օրենքը, համաձայն որի ԼՂՀ Գերագույն և առաջին ատյանի դատարանների դատավորների կողմից պաշտոնը ստանձնելու օրվանից Գերագույն և առաջին ատյանի դատարանները համարվում են կազմավորված, իսկ նախկին  Գերագույն դատարանի անդամների և շրջանային (քաղաքային) դատարանների դատավորների լիազորությունները դադարեցված: Այդ դատական համակարգը ԼՂՀ-ում սկսեց գործել 2002 թվականի փետրվարի 15-ից:

՚Դատարանակազմության մասինՙ ԼՂՀ օրենքի համաձայն` ԼՂՀ դատական համակարգը կազմված էր առաջին ատյանի և Գերագույն դատարաններից: Առաջին ատյանի դատարանը գործում էր դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով, որն ըստ էության  քննում էր բոլոր քրեական, քաղաքացիական, տնտեսական, զինվորական, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Գերագույն դատարանը կազմված լինելով դատարանի նախագահից և վեց դատավորից արդարադատությունը իրականացնում էր` վերաքննության կարգով` մեկ դատավորի կազմով, և վճռաբեկության կարգով` կոլեգիալ, ոչ պակաս, քան երեք դատավորի կազմով: Գերագույն դատարանը նաև սահմանադրական դատարանի լիազորություններ իրականացնող ատյան էր, որի դեպքում գործերը քննում էր կոլեգիալ, բայց ոչ պակաս, քան հինգ դատավորի կազմով:

2006 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Սահմանադրության ընդունմամբ անհրաժեշտություն առաջացավ ԼՂՀ-ում գործող դատական համակարգի կառուցվածքը համապատասխանեցնել մայր օրենքին: ԼՂՀ Սահմանադրության համաձայն` 2008 թվականի հուլիսի 1-ից ԼՂՀ-ում սկսեց գործել եռաստիճան դատական համակարգ, որը բաղկացած էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարաններից: Սահմանադրությունը թույլ էր տալիս ստեղծել նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններ, սակայն նման դատարաններ մինչ օրս չեն ստեղծվել: Փոխարենը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ընդդատյա դարձան վարչական գործերը, սակայն մեկ տարբեռությամբ. վարչական գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվում էին Գերագույն դատարանին: Նշված դրույթը հետագայում օրենսդրորեն փոփոխվեց, և ներկայումս այն կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

Արցախի բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է, որը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից: Գերագույն դատարանը ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառումը: ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումների ոլորտում կարևոր դեր խաղաց նաև ԼՂՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 1-ի կարգադրությունը` դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու և անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Հաշվի առնելով, որ դատական իշխանությունը ԼՂՀ-ում իրականացվում է սահմանադրական, քաղաքացիական, քրեական և օրենքով նախատեսված այլ դատավարության միջոցով, 2008 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվեցին քաղաքացիական, քրեական և  վարչական դատավարության օրենսգրքերը և դատական համակարգի բարեփոխումները անբողջացնող համալիր ակտը` ԼՂՀ դատական օրենսգիրքը: 2008 թվականի ընթացքում ընդունվեց նաև “Դատական ծառայության մասին” ԼՂՀ օրենքը, համաձայն որի դատական ծառայությունը օրենքով դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների և գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն է և հանդիսանում է պետական ծառայության մաս:

2009 թվականի մայիսի 27-ին ընդունվեց նաև ՚Սահմանադրական դատավարության մասինՙ ԼՂՀ օրենքը, որը կարգավորում է ԼՂՀ Գերագույն դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները և սահմանում սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքները, կարգն ու առանձնահատկությունները: Արցախի դատական համակարգի ձեռքբերումներից է նաև այն, որ Կառավարության 2011 թվականի հունվարի 14-ի որոշմամբ հունվարի 20-ը նշվում է որպես դատական համակարգի աշխատողի օր: