ԱՀ դատական իշխանության երեք ներկայացուցիչների շնորհվել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության դատական համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի համար, ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհել ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լիլյա Ավանեսյանին, ԱՀ Գերագույն դատարանի դատավորներ Հասմիկ Խաչատրյանին եւ Իրինա Կարապետյանին:

Տեղեկացնենք, որ Լիլյա Ավանեսյանը 47 տարի է, ինչ ծավալում է մասնագիտական գործունեություն. մասնագիտական ուղին սկսել է Մարտունու շրջանային ժողովրդական դատարանից: Դատական համակարգում աշխատում է 1974 թվականից: Արդարադատության 3-րդ դասի խորհրդական է: Ունի ԼՂՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:  2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր:  2020թ. հունվարի 20-ին  ԱՀ  Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Իրինա Կարապետյանի դատարանում աշխատելու գործունեությունը սկիզբ է առնում 1986-1987 թթ. Ռուսաստանի Դաշնության Լիպեցկ քաղաքի Աջափնյա շրջանի դատարանից: 2002թ. փետրվարի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել եւ մինչ օրս հանդիսանում է ԱՀ Գերագույն դատարանի դատավոր: 2015թ. հունվարի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

 Հասմիկ Խաչատրյանը մասնագիտական գործունեությունը սկսել է 1988-1991թթ., աշխատել է Զանգեզուրի «Ավտոտեխսպասարկում» արտադրական միավորումում` իրավախորհրդատու: 1991-2008 թվականներին հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան: 2007 թվականի սեպտեմբերից առ այսօր դասախոսում է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավունքի ամբիոնում:2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2018 թվականի ապրիլի 19-ին ԱՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր: 2020թ. հունվարի 20-ին  ԱՀ  Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

ԱՀ դատական համակարգի անունից ջերմորեն շնորհավորում ենք վաստակաշատ դատավորներին, մաղթելով նրանց առողջություն եւ  անբասիր աշխատանք: