Հանդիսավոր միջոցառում` նվիրված Դատական համակարգի աշխատողի օրվան

Այսօր ԼՂՀ Գերագույն դատարանի դահլիճում տեղի է ունեցել Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ դատավորները և բարձրաստիճան ու պաշտոնատար այլ անձինք:

Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է ԼՂՀ դատական համակարգի ներկայացուցիչներին մասնագիտական օրվա կապակցությամբ, այնուհետև շնորհակալանքի խոսք հղել Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ԼՂՀ դատական համակարգի զարգացման և կայացման համար ներդրած ջանքերի և ցուցաբերած հոգածության համար: «Լինելով իշխանության թևերից մեկը և իրականացնելով սահմանադրությամբ նախատեսված հատուկ լիազորություն՝ արդարադատություն, դատական իշխանությունը գլխավորապես ունի հավասարակշռող դեր, ինքնին դատական համակարգի և դատական իշխանության կայացումն ու ամրապնդումը շատ կարևոր են իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված պետության ստեղծման, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին»,- նշել է Ն. Նարիմանյանը:

Այնուհետև դատական համակարգի ներկայացուցիչներին շնորհավորել է Նախագահ Բակո Սահակյանը՝ իր ելույթում ընդգծելով, որ դատական համակարգն իշխանության այն կարևոր օղակներից է, որի գործունեությունից է նաև կախված ժողովրդավարության ուղին բռնած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեղինակությունը, նրա նորմալ կենսագործունեությունն ու քաղաքացիների բարեկեցությունը: «Այդ իսկ պատճառով մեր երկրում հատուկ տեղ է հատկացվում դատական համակարգի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և այդ աշխատանքի հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, դատավորների մասնագիտական պատրաստվածությանն ու արհեստավարժությանը»,- նշել է երկրի ղեկավարը:

Նախագահն աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է պետական պարգևներով ու արժեքավոր նվերներով: ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Գայանե Գրիգորյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

ԼՂՀ դատական համակարգի ներկայացուցիչներին շնորհավորանքի խոսք է հղել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: «Բոլորիս երազանքն է ունենալ կայուն, վստահելի, արդյունավետ, կանխատեսելի դատական համակարգ, այդպիսի արդարադատությունը յուրաքանչյուր իրավական պետության կայացման և զարգացման կարևոր նախապայմանն է: Այս համատեքստում առանցքային է յուրաքանչյուր դատավորի և դատական ծառայողի դերակատարումը, ձեր ամենօրյա նվիրված, քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ երկրում հաստատվում է օրինականությունը և ամրապնդվում է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությունը»,- իր խոսքում ընդգծել է Արման Մկրտումյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ` Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և ՀՀ Վճռաբեկ դատարանի հիմնադրման ոսկե հուշամեդալով: Արդարադատության բնագավառում երկարամյա աշխատանքի և ունեցած ներդրման համար ՀՀ դատավորների միության պատվոգիր է շնորհվել ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Գրետա Արզումանյանին, Վերաքննիչ դատարանի դատավորներ Հասմիկ Խաչարտրյանին և Հրայր Աբրահամյանին: