«Դատական Իշխանություն» հանդեսը 10 տարեկան է

ՈՒղիղ 10 տարի առաջ՝ 2011 թվականի մայիսի 18-ին լույս տեսավ «ԼՂՀ դատական իշխանություն» իրավական տեղեկատվական- վերլուծական հանդեսի (այսուհետ՝ Հանդես) առաջին համարը: Հանդեսի լույս աշխարհ գալն իրականացավ «ԼՂՀ դատավորներ» հասարակական կազմակերպության եւ Գերագույն դատարանի նախագահի նախաձեռնությամբ:

Հանդեսի առաջին համարի լույս ընծայման կապակցությամբ խմբագրական խորհրդին շնորհակալական խոսքեր հղեցին Հանրապետության նախկին նախագան Բ. Սահակյանը, Գերագույն դատարանի նախագահ Ա. Ավագյանը, գլխավոր դատախազ Ա. Ղարամյանը, արդարադատության նախարար Ն. Նարիմանյանը, «ԼՂՀ դատավորներ» հ/կ նախագահ Հ. Խաչատրյանը եւ ՀՀ դատավորների միության նախագահ Հ. Սարգսյանը:

Իր գոյության 10 տարիների ընթացքում լույս է տեսել Հանդեսի 31 համար, որից 2011-2014 թ.թ.՝ յուրաքանչյուր տարի՝ 4-ական համար,2015-2017 թ.թ.՝ 3-ական, 2018-2019 թ.թ.՝ 2-ական եւ 2020թ.՝ 1 համար: Հանդեսում հաճախակի տպագրվել են վաստակավոր իրավաբաններ Գրետա Արզումանյանի, Սեյրան Ամիրյանի, երիտասարդ իրավաբաններ Գուրգեն Ներսիսյանի, Ավետիք Հարությունյանի եւ այլոց հոդվածները: Հանդեսի հրապարակման ակունքներում կանգնած են եղել ԼՂՀ դատավորները եւ դատական համակարգի աշխատողները, որոնց հոդվածները նվիրված են եղել իրավագիտության ոլորտի տարբեր հարցերի լուսաբանմանը: Ինձ համար միշտ էլ պատիվ է եղել Հանդեսում տպագրվելը (25 հոդված):

Հանդեսի խմբագրական խորհրդի ուշադրության կենտրոնում է եղել նաեւ մագիստրանտների, ասպիրանտների ու հայցորդների հոդվածները:

Անուրանալի է Հայաստանի Հանրապետության ճանաչված իրավաբաններ Գագիկ Հարությունյանի, Գագիկ Ղազինյանի, Գեւորգ Դանիելյանի, Դավիթ Ավետիսյանի եւ Սերժիկ Ավետիսյանի ծանրակշիռ դերը, որոնց հոդվածները շատ օգտակար են եղել ինչպես Հանդեսի կայացման, այնպես էլ իրավագիտության ճանապարհն ընտրած բակալավրիատների, մագիստրանտների, ասպիրանտների ու հայցորդների համար:

Միաժամանակ Հանդեսն էջեր է հատկացրել մեր երկրամասի պատմության լուսաբանման հարցերին, որի կապակցությամբ տպագրվել են պատմաբաններ Էդիկ Մինասյանի, Արա Պապյանի, Արտակ Մաղալյանի, Վահրամ Բալայանի, Ալեքսանդր Մանասյանի եւ մյուսների հոդվածները:

Այսօր, 10 տարվա հեռվից, փորձում եմ վերհիշել իմ սիրելի Հանդեսի անցած փառավոր ուղին, նրան կյանք պարգեւած առաջին խմբագրական խորհրդին, գլխավոր խմբագիր Կիմ Գաբրիելյանին, սրբագրիչ Դիանա Ղուկասյանին, որոնց բոլորին լավ ճանաչում եմ եւ կարող եմ բնութագրել միայն ամենադրական իմաստով:

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ԼՂՀ դատական համակարգի բոլոր աշխատողներին, վետերաններին եւ խմբագրական խորհրդին՝ Հանդեսի 10-ամյա գործունեության կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռք բերումներ:

ԱՀ վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյան