ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի ուղերձը՝ ԱՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 10-ը նվիրական օր է Արցախի համար։ 1991թ․ հենց այս օրն անցկացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն: Տարիներ անց այս օրը ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը: Դեկտեմբերի 10-ը նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: 2020թ․-ին պատուհասած պատերազմից հետո առավել եւս պետք է կարեւորենք երկրի Մայր օրենքի գործառույթներն ու ընդգծենք նրա դերը պետական կառավարման համակարգի կատարելագործման, ներքին համերաշխության, կայունության եւ երկրի բնականոն զարգացման գործում: Մեր գիտակից որոշումը՝ մնալ ու արարել Արցախում, ենթադրում է շարունակել ապրել օրենքի գերակայության, մարդու իրավունքների լիարժեք իրացման ու քաղաքացու ազատությունների երաշխավորման սկզբունքներով»։