«Այսօր, առավել քան երբեւէ, մենք պարտավոր ենք ամենայն պատասխանատվությամբ իրականացնել մեր առաքելությունը » . ԱՀ ԳԴ նախագահ` Նարինե Նարիմանյան

Հարգելի գործընկերներ, հունվարի 20-ը խորհրդանշական օր է Արցախի դատական համակարգի համար. շուրջ մեկ դար առաջ, 1924 թվականին ձեւավորվեց Արցախի մարզային դատարանը, իսկ 2011 թվականից մեր հանրապետությունում այդ օրը պաշտոնապես նշվում է որպես դատական համակարգի աշխատողի օր:

Ընդունված է մասնագիտական տոների ժամանակ խոսել հաջողությունների և ձեռքբերումների մասին, սակայն այսօր, հետպատերազմյան այս իրավիճակում, շատ դժվար է անդրադառնալ դրանց: Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել այն, ինչը մեր երիտասարդ պետության կարեւորագույն գրավականներից է: Դատական համակարգի ամրապնդմամբ է պայմանավորված մեր երկրում ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը:

Վերջերս իր հանդիպումներից մեկի ժամանակ Հանրապետության Նախագահը մի այդպիսի միտք է արտահայտել. «Արցախն իրավական երկիր է: Այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է, որի պարագայում մենք հետքայլ անելու իրավունք չունենք»:

Անկախ, արդար ու արդյունավետ դատական համակարգի կայացման ու զարգացման, դատարանի նկատմամբ հանրային վստահության ձեւավորման ու ամրապնդման գործում յուրաքանչուր ոք իր ներդրումն ունի: Հատկապես ուզում եմ կարեւորել մեր ավագ գործընկերների՝ համակարգի վետերանների ավանդն այս ամենում:

Սակայն պետք է փաստել, որ բոլոր ժամանակներում հասարակության ամենամեծ պահանջը արդարությունն է: Դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը երկրի ներքին սպառնալիքներից մեկն է, եւ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ վստահության ամրապնդման համար:

Այսօր, առավել, քան երբեւէ, մենք պարտավոր ենք ամենայն պատասխանատվությամբ իրականացնել մեր առաքելությունը: Մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագան. օրենքի տառի անշեղ պահպանմամբ, համախմբվածությամբ ու միասնականությամբ միայն կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին:

Բոլոր կողմերով շրջապատված լինելը չպետք է վհատեցնի մեզ, քանզի անկախ պետականություն ունենալու համար հազարավոր կյանքեր կիսատ մնացին, հազարավոր հայորդիներ ընկան՝ Արցախը հայկական, ամուր եւ ուժեղ տեսնելու հավատով:

Եւ, որպեսզի արժանի լինենք այդ զոհաբերությանը եւ ի կատար ածենք պատերազմի մասնակից բոլոր մարտիկների երազանքը՝ ամենքս մեր գործունեությամբ՝ օրենքի եւ մեր խղճի առջեւ արդարացի լինելով պետք է նպաստենք մեր երկրի կայունացմանը:

Շնորհավորելով բոլորիս մասնագիտական օրվա առթիվ մաղթում եմ տոկունություն, կամք՝ դժվարությունները միասին հաղթահարելու, արդար, ավելի կայուն պետականություն ամրապնդելու պատրաստակամությամբ: