հունվարի 20-ը ԱՀ դատական համակարգի աշխատողի մասնագիտական օրն է

Արդեն 11 տարի է Արցախում հունվարի 20-ը նշվում է որպես դատական համակարգի աշխատողի օր։ Օրվան նվիրված միջոցառումը մեկնարկեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից, որտեղ մեր ազատության համար իրենց կյանքը նահատակած հայորդիների շարքում էր նաև Արցախի դատական համակարգի աշխատակից  Դավիթ Պետրոսյանը: Դատական համակարգի աշխատողները իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհված տղաներին, այնուհետև մասնակցել դատարանի նոր մասնաշենքում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, վաստակավոր դատավորներ, աշխատակիցներ: Հանդիսավոր միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 44-օրյա եւ Արցախի համար բոլոր պատերազմներում նահատակված մեր հայորդիների: Շնորհավորելով դատական համակարգի աշխատակիցներին՝ ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը նշել է.

«Այսօր, առավել, քան երբեւէ, մենք պարտավոր ենք ամենայն պատասխանատվությամբ իրականացնել մեր առաքելությունը: Մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագան. օրենքի տառի անշեղ պահպանմամբ, համախմբվածությամբ ու միասնականությամբ միայն կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Վերջերս իր հանդիպումներից մեկի ժամանակ Հանրապետության Նախագահը այսպիսի միտք է արտահայտել.

«Արցախն իրավական երկիր է: Այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է, որի պարագայում մենք հետքայլ անելու իրավունք չունենք»: Անկախ, արդար ու արդյունավետ դատական համակարգի կայացման ու զարգացման, դատարանի նկատմամբ հանրային վստահության ձեւավորման ու ամրապնդման գործում յուրաքանչուր ոք իր ներդրումն ունի: Հատկապես ուզում եմ կարեւորել մեր ավագ գործընկերների՝ համակարգի վետերանների ավանդն այս ամենում»:

Դատական համակարգի աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրել է ԱՀ վերաքննիչ դատարանի նախագահ Արսեն Հայրապետյանին, նույն դատարանի դատավոր Մարատ Ավանեսյանին եւ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Ավանեսյանին: Հանձնելով մեդալները՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը շնորհավորել է օրվա կապակցությամբ եւ նշել .

«Ընտրելով ձեր մասնագիտությունը՝ դուք նվիրել եք ձեզ հանրապետության համար անչափ կարեւոր գործին՝ արդարադատությանը ծառայելուն: Այսօր մենք ապրում ենք բարդ ու պատասխանատու ժամանակաշրջան եւ ստիպված ենք հաղթահարելու հետպատերազմյան դժվարություններն ու փորձությունները՝ կրկնակի է կարեւորվում օրենքի տարրին եւ ոգուն համապատասխան ձեզնից յուրաքանչյուրի արհեստավարժ եւ բարեխիղճ աշխատանքը»։

Մասնագիտական տոնի կապակցությամբ 7 դատական ծառայողի շնորհվել է ավելի բարձր դասային աստիճան, իսկ համակարգի մի խումբ աշխատակիցներ խրախուսվել են դրամական պարգեւներով: Մասնագիտական տոնը շնորհավորել է նաեւ ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը․

«Հետպատերազմական Արցախում աշխատեց դատական համակարգը, աշխատեց կայուն եւ ռիթմիկ, եւ դա իրականացվել է մեր բոլորի շնորհիվ։ Բոլորս քաջ գիտակցելով ինչ է դրված Արցախի Հանրապետությունում ապրող ցանկացած քաղաքացու ուսերին եւ ինչ պատասխանատվություն է այսօր այստեղ ապրելը եւ արժանի լինելը երկնային վաշտի բոլոր մարտիկների հիշատակին՝ աշխատեցինք գործել այնպես, որ ամոթով չմնանք ինքներս նախեւառաջ մեր առջեւ»։

Շնորհավորելով օրվա կապակցությամբ ԱՀ վերաքննիչ դատարանի նախագահ Արսեն Հայրապետյանը նշել է, որ յուրաքանչյուր դատավորից եւ դատական համակարգի աշխատողից է կախված, թե ինչպես է ընկալվում դատարանը հասարակության մեջ: «Մեր դատական ակտերից, դրանց պարզ, հիմնավորված եւ ընկալելի լինելուց է կախված դատական համակարգի հանդեպ վստահության եւ հարգանքի մակարդակը: Մեր բարդ, պատասխանատու եւ ոչ միշտ միանշանակ ընկալվող ամենօրյա աշխատանքում բոլորիս մաղթում եմ հաջողություն, առողջություն եւ իմաստնություն»,- ասել է նա:

Միանալով հնչած բոլոր շնորհավորանքներին ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադեւոսյանը նշել է, որ արցախյան իրականությունը տրոհվել է երկու մասի՝ նախապատերազմյան եւ հետպատերազմյան: «Այս դժվարին իրավիճակը բարդություններ է ստեղծում պետական ամբողջ համակարգի աշխատանքի համար, իսկ դրանից անմասն չի մնացել արդարադատության բնագավառը, որի պատասխանատվությունը մեր ուսերին է: Մեզանից պահանջվում է, որպեսզի այս ծանր սոցիալական պայմաններով ծանրաբեռնված քաղաքացիների, կազմակերպությունների, իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը մարդու իրավունքների գերակայության հիման վրա իրականացնենք առավել պատասխանատու, բարեկիրթ, արժանապատիվ», -ընդգծել է նա: