ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի շնորհավորական ուղերձը՝ դատական աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ

Հարգելի գործընկերներ, այս բարդ պայմաններում, երբ մեկ ամսից ավել է, ինչ գտնվում ենք շրջափակման մեջ, դժվար է շնորհավորանքի խոսքեր ասել մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մի այնպիսի իրավիճակում, երբ 120 հազար մարդ հայտնվել է հումանիտար աղետի պայմաններում, մեզնից պահանջվում է չընկճվել ու ամենայն պատասխանատվությամբ իրականացնել մեր առաքելությունը: Մեզնից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագան: Անկախ պետականություն ունենալու համար հազարավոր կյանքեր կիսատ մնացին, հազարավոր մեր հայորդիներ ընկան՝ Արցախը հայկական, ամուր եւ ուժեղ տեսնելու հավատով: Մենք այլընտրանք չունենք, պարտավոր ենք մնալ այս հողում եւ իրականացնել մեր նահատակ քաջորդիների ու բոլորիս երազանքը: Յուրաքանչյուր ժողովրդավարական, իրավական պետության կայացման եւ զարգացման համար կարեւոր նախապայման է անկախ, անաչառ, արդյունավետ ու հանրության առջեւ հաշվետու դատական համակարգի առկայությունը: Իսկ դրա համար պետք է պահպանվեն դատարանի անկախությունը, դատական գործունեության օբյեկտիվությունն ու արդյունավետությունը, դատաքննության թափանցիկությունը, արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև դատավորի բանիմացությունն ու անկաշառելիությունը: Հենց դատական իշխանության ամուր հիմքերն են թույլ տալիս կառուցել իրավական պետություն եւ քաղաքացիական հասարակություն: Դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը դասվում են երկրի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման հիմնական երաշխիքների շարքին, եւ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը երկրի ներքին սպառնալիքներից մեկն է: Բոլոր ժամանակներում հասարակության ամենամեծ պահանջը արդարությունն է, եւ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության ամրապնդման համար: Դատական համակարգի հեղինակության բարձրացման միակ եւ ամենաարդյունավետ միջոցը մեր կողմից կայացված դատական ակտերի բարձր մակարդակի ապահովումն է, ինչն իր հերթին պահանջում է մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործում: Հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ դատական գործունեության իրական գնահատականը հենց ժողովրդի վստահությունն է մեր կատարած գործի նկատմամբ, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է բարձր պահել դատավորի մարդկային հատկանիշները եւ արժանապատվորեն կատարել իր պարտականությունները: Պետք է փաստել, որ վերջին տարիներին, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դատական համակարգի խնդիրները առաջնահերթ լուծման առումով իրենց տեղը զիջել են երկրի համար առավել կարեւոր հարցերին, ինչը, բնականաբար, երբեմն դժգոհությունների առիթ է հանդիսանում: Սակայն պետք է ըմբռնումով վերաբերվենք նման իրողությանը, քանի որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է, եւ այդ դժվարությունները հնարավոր է հաղթահարել միասնական ուժերով ու համախմբվածությամբ՝ փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում: Շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ` ցանկանում եմ, որ այսուհետ եւս մեր ջանքերը միտված լինեն դատավորի հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը։ Թող խաղաղ լինի մեր հայրենիքը եւ ամեն բացվող օրը բոլորիս պարտավորեցնի անշեղորեն իրականացնել բարդ ու դժվարին, բայց եւ պատասխանատու ու պատվաբեր մեր առաքելությունը: