Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված կարգով: Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված հինգ դատավորներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբաններ:
Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով`
1) կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նշանակումները.
2) Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում դատավորների նշանակման վերաբերյալ.
3) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.
4) Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Գերագույն դատարանի դատավորի առնչությամբ Հանրապետության Նախագահին եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա.
5) Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ: Գերագույն դատարանի դատավորի առնչությամբ Հանրապետության Նախագահին եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:
Արդարադատության խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի:
Արդարադատության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն չորս դատավոր անդամ:
Արդարադատության խորհուրդը Սահմանադրությամբ նախատեսված լիազորու-թյուններն իրականացնելիս ընդունում է որոշումներ և տալիս եզրակացություններ:
Արդարադատության խորհրդի նիստերը դռնփակ են, բացառությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության այն դեպքերի, երբ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պահանջում է իր գործի հրապարակային քննություն:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումը և եզրակացությունները վերջնական են, ուժի մեջ են մտնում Արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն: Այդ որոշումը և եզրակացությունները ենթակա են հրապարակման ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում՚ և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:
Արդարադատության խորհուրդը Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացման համար պաշտոնատար անձանցից և պետական մարմիններից, այդ թվում` դատարաններից, դատախազությունից, հետաքննության և նախաքննության մարմիններից վարչական, քրեական, քաղաքացիական գործեր, անհրաժեշտ, այդ թվում` նախաքննության գաղտնիք պարունակող տեղեկություններ, նյութեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր ստանալու իրավունք ունի: Բացառություն են կազմում միայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:
Մեկ տարի ժամկետով ձևավորվում է Արդարադատության խորհրդի երեք անդամից կազմված կարգապահական հանձնաժողով: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավոր և մեկ իրավաբան: Կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են ավելի վաղ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները: Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ:
Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կարգապահական վարույթ հարուցելու ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների դատավորի, դատարանի նախագահի նկատմամբ և համապատասխան միջնորդությամբ դիմելու Արդարադատության խորհուրդ:
Կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ հարուցող անձն իրավունք ունի՝
1) դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.
2) դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.
3) դատավորից պահանջելու գրավոր բացատրություններ.
4) կանչելու և լսելու վկաների.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր.
6) դիմելու կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած դիմում ներկայացրած անձին` լրացուցիչ պարզաբանումներ տալու առաջարկությամբ:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են տալ պարզաբանումներ:
Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` ՙգաղտնի՚ դրոշմագրով:
Արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է ԼՂՀ դատական դեպարտամենտը` կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` իրականացնելով աշխատակազմի դերը:
Արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումները և այլ փաստաթղթերը հանձնվում են ԼՂՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության խորհրդի քարտուղարին (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42, հեռախոս` 94-95-77):