Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-16-Ո-20/2023թ. որոշումը՝ Արցախի Հանրապետության դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը հինգ թեկնածուով հաստատելու և որակավորման ստուգումներ անցկացնելու մասին, դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտարարվում է որակավորման ստուգում:

Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)    85-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարող անձինք մինչև հոկտեմբերի 02-ը ներառյալ, իսկ Օրենսգրքի 98-րդ, 99-րդ և 99.1-ին հոդվածներով նախատեսված անձինք՝ մինչև հոկտեմբերի 01-ը կարող են հայտերը (դիմումները) ներկայացնել Դեպարտամենտ:

Հայտերը (դիմումները) ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 15:00-ից մինչև   17:30-ը (հասցե՝ ք.Ստեփանակերտ, Դ․Բեկ 21):

Հայտերի հետ հավակնորդները (բացառությամբ Օրենսգրքի 98-րդ և 99-րդ հոդվածներով նախատեսված անձանց) պետք է ներկայացնեն համաձայնություն՝ իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Հավակնորդը պարտավոր է հայտին կից ներկայացնել Օրենսգրքով նախատեսված հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով,

2) հինգ գունավոր լուսանկար 3×4 չափսի,

3) հանրային ծառայությունների համարանիշ՝ պատճենով,

4) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5) իր կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները),

6) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտ ներկայացնող անձը արական սեռի է)՝ պատճենով,

7) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին փաստաթուղթ:

Հավակնորդն իրավունք ունի ներկայացնելու Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված ձևի երաշխավորագիր-նամակներ:

Հավակնորդից գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 34.1.-ին կետով սահմանված չափով: Վճարումը կատարվում է 915005160113 հաշվեհամարին:

Հայտերի ընդունումը Դեպարտամենտի կողմից մերժվում է, եթե այն ներկայացվել է Oրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում Oրենսգրքով նախատեսված պահանջներին: Նման հայտերը Դեպարտամենտի կողմից ենթակա են վերադարձման հայտատուին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման ստուգման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում (www.courtnkr.am, «Նորություններ» բաժնում):

 

  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ