ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅՑԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մարտի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբան, Գերագույն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրետա Արզումանյանի «Հայցը քաղաքացիական դատավարությունում» (գիտագործնական հետազոտություն) գրքի շնորհանդեսը: Գիրքը, որը նվիրված է Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին, հրատարակության է երաշխավորվել Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի և ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից:

Շնորհանդեսին ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատական համակարգի աշխատակիցներ, դասախոսներ և այլոք:

Միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել Դատավորների միության նախագահ Հասմիկ  Խաչատրյանը, ով  կարևորել է նորահրատարակ  այդ գրքի նշանակությունը: «Գիրքն  օգտակար  կարող  է  լինել  իրավաբանական  ֆակուլտետների  ուսանողների,  դատավորների,  տեսաբան-իրավագետների,  պրակտիկ  իրավաբանների,  դատական  բարեփոխումների  պատասխանատու  փորձագետների,  ինչպես  նաև  իրենց  իրավունքների,  ազատությունների  և  օրինական    շահերի  պաշտպանությամբ  հետաքրքրվող  բոլոր  անձանց  համար»,- նշել  է  Հ.  Խաչատրյանը:

Իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի   դատական  համակարգում   այդ  գիրքը    նորություն   է:  «Գիրքը   շատ    օգտակար    աշխատություն  է:  Մենք  գիտական  արժեքավոր  աշխատությունների  միջոցով  կարող  ենք  աշխարհին  ներկայացնել   մեր  իրավական,  իրավաբանական  մշակույթի    հերթական  հաջողությունը: Կարծում  եմ,  գրքում  արծարծված   նյութը կարևոր      է  մեր   հանրության  համար. պարզապես, մարդիկ    պետք  է  կարողանան   ճիշտ  իրագործել    այն»,-նշել  է  Ա. Ղուլյանը:

Գերագույն   դատարանի    նախագահ   Նարինե  Նարիմանյանը հեղինակին շնորհավորելով գրքի   լույս ընծայման   կապակցությամբ, ասել  է. «Ուրախալի փաստ  է,  որ դատավորներն  իրենց   բարդ  ու   պատասխանատու  աշխատանքին  զուգահեռ, տարիների   ընթացքում   կուտակած  իրենց փորձն  ու  գիտելիքները    գրքի   տեսքով    փոխանցում  են   ներկա  ու  գալիք  սերունդներին: Ընդհանուր  առմամբ,  հայերենով  իրավաբանական   գրականության  ստեղծումը  երկրի   իրավագիտության  զարգացման, իրավագիտակցության  մակարդակի  բարձրացման   համար    կարևորագույն   խթան  է: Այս  գիրքը   Գրետա Արզումանյանի  երկար   տարիների   քրտնաջան  աշխատանքի    արդյունքն  է»:

Շնորհանդեսին  մյուս ելույթ ունեցողները նույնպես հնչեցրել են   շնորհավորանքի   խոսքեր,  նշել  կարծիքներ:

Միջոցառման վերջում ելույթ է ունեցել նաև Գրետա Արզումանյանը: Իր նկատառումներն արտահայտելով գրքի կիրառական նշանակության շուրջ, հեղինակը  միաժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրա հրատարակմանը: