Դատարանների նախագահների խորհուրդ: Խորհրդի մասին

Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է:
Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:
Դատարանների նախագահների խորհրդի նախագահն ի պաշտոնե Գերագույն դատարանի նախագահն է: Գերագույն դատարանի նախագահի բացակայության դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը նախագահում է Գերագույն դատարանի նախագահին փոխարինող անձը:
Դատարանների նախագահների խորհուրդը`
1)  իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության ինքնակառավարումը, քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց.
2) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.
3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
4) հաստատում է դատական քննության հետ կապված դատավարական օրենսդրության պա-հանջների կատարումն ապահովող կանոններ.
5) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.
6) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
7) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.
8) սահմանում է դատավորի անձնական գործում պահվող այլ տեղեկություններ.
9) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.
10) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.
11) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.
12) հաստատում է դատավորների և դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.
13) հաստատում է Դատական դեպարտամենտի կողմից նախապատրաստված բյուջետային հայտը.
14) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.
15) դատարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.
16) մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.
17) Գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.
18) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.
19) մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման, վերաքննիչ դատարանում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների ինքնաբացարկի, արձակուրդի, գործուղման կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի  և դատավորների փոխարինման կարգերը.
20) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական կարգադրիչների ծառայության  առանձնացված ստորաբաժանումների ցանկը.
21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների.
22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք  շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.
23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.
23.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա խորհրդի առաջիկա նիստի ընթացքում տալիս է առկա իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ.
24) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Դատարանների նախագահների խորհրդի նախագահը`
1) նախագահում է Դատարանների նախագահների խորհուրդը.
2) Գերագույն դատարանի դատավորների կազմից նշանակում է մեկ դատավոր` փաստա-բանների պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար.
3) Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը և նրան աշխատանքից ազատելու մասին առաջարկությունը.
4) իրականացնում է Դատական դեպարտամենտի գործունեության ընդհանուր ղեկավարումը.
5) առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս այդ մասին հաղորդում է ներկայացնում համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհրդի մյուս անդամներին կամ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.
7) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան: