Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:
Դատարանների նախագահների խորհուրդը՝
1) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.
2) իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը.
3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
4) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.
5) մշակում և հաստատում է առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարաններում գործերի բաշխման, վերաբաշխման, վերաքննիչ և Գերագույն դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման կարգը.
6) իր իրավասության շրջանակներում կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
7) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.
8) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.
9) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը, հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.
10) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.
11) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.
12) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը,
13) Դատարանների նախագահների խորհրդի նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարին.
14) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը.
15) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը.
16) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.
17) իր իրավասության շրջանակներում Դատական դեպարտամենտին տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարություններ.
18) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Դատարանների նախագահների խորհուրդն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և «Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:
Դատարանների նախագահների խորհրդի նախագահն ի պաշտոնե Գերագույն դատարանի նախագահն է: Գերագույն դատարանի նախագահի բացակայության դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը նախագահում է Գերագույն դատարանի նախագահին փոխարինող անձը:
Դատարանների նախագահների խորհրդի նախագահը`
1) նախագահում է խորհրդի նիստերը.
2) Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը և նրան աշխատանքից ազատելու մասին առաջարկությունը.
3) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան: