Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դատական դեպարտամենտ) պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, դատարանների նախագահների խորհրդին և Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:
Դատական դեպարտամենտը դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին և դատարանների նախագահների խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով:
Դատական դեպարտամենտը գործում է Դատարանների նախագահների խորհրդի հաստատած կանոնադրության հիման վրա:
Դատական դեպարտամենտը՝
1) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.
2) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների միջոցով իրականացնում է դատարանների, դատարանների նախագահների խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատակազմի դերը.
3) նախապատրաստում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, դատարանների նախագահների խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի և դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների նիստերը.
4) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.
5) վարում է դատավորների անձնական գործերը.
6) կազմակերպում է դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.
7) իրականացնում է <<Դատական ծառայության մասին>> ԼՂՀ օրենքով, այլ օրենքներով, դատական դեպարտամենտի կանոնադրությամբ, դատարանների նախագահների և Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Դատական դեպարտամենտը կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով`
1) կատարում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշումները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի այն անդամի հանձնարարությունները, որին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ.
2) նախապատրաստում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և շահագրգիռ անձանց է ուղարկում Բարձրագույն դատական խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը, արձանագրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, առաքում և հրապարակում է Բարձրագույն դատական խորհրդի ընդունած ակտերը:
Դատական իշխանության բյուջետային գործընթացն իրականացնում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը` առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած բյուջետային հայտերի հիման վրա:
Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները կազմված են բաժիններից և դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատած այլ ստորաբաժանումներից: Դատական դեպարտամենտը տվյալ դատարանի կամ դատական իշխանության այլ մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը ապահովում է առանձնացված ստորաբաժանումների միջոցով, որոնք իրենց հերթին կազմված են դատարանների աշխատակազմերից և դատարանների նախագահների խորհրդի սահմանած այլ ստորաբաժանումներից: Առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ:
Դատական ծառայությունն իրականացվում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում և առանձնացված ստորաբաժանումներում:
Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը գտնվում է քաղաք Ստեփանակերտ, Դավիթ Բեկի 21, հասցեում. հեռախոս` (047) 95-96-98: