Հայտարարություն դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

Հիմք ընդունելով ԱՀ դատարանների նախագահների խորհրդի 2017թ. օգոստոսի 29–ի թիվ 13-Լ որոշումը՝ դատավորների թեկնածուների ցուցակում համալրում կատարելու մասին, հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

ԱՀ դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել ԱՀ դատական դեպարտամենտ /հասցե՝ ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42/ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:

Հավակնորդները պարտավոր են ներկայացնել ԱՀ դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված փաստաթղթեր, ինչպես նաև համաձայնություն՝ իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով՝ գրավոր քննության արդյունքներով: Գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության և հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, ինչպես նաև հավակնորդների վերաբերյալ ԱՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը կհրապարակվեն դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում՝ լրացուցիչ:  Համաձայն ԱՀ դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 15-րդ մասի՝ հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ԱՀ դատական դեպարտամենտի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: ԱՀ դատական դեպարտամենտը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել անձի կամքից անկախ հանգամանքներով, և եթե դիմումը ներկայացնելու պահից մինչև որակավորման քննության սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ: ԱՀ դատական դեպարտամենտի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է օրենքով սահմանված կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԱՀ  ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ