ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը հրապարակում է որակավորման քննության առաջադրանքների մեկ  նմուշօրինակ:

 

 

ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿ

Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության

 

Առաջադրանք 1

(Քրեական իրավունք ԵՎ դատավարություն)

ՄԵՂԱԴՐԱՆՔ

  1. Ավետ Գևորգյանին 2014թ. մայիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝

«2014 թվականի ապրիլի 28-ին ավազակային հարձակում կատարելու և ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել Լևոն Լևոնյանի հետ՝ վերջինիս առաջարկով: Լևոն Լևոնյանը և Ավետ Գևորգյանը վերջինիս պատկանող 25 ՏՊ 123 պետհամարանիշի «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով Խնածախ գյուղից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ քաղաքում գտնվող կամրջի մոտ: Լևոն Լևոնյանը` 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակով, իսկ Ավետ Գևորգյանը՝ դանակով զինված, Լևոն Լևոնյանի կողմից նախապես բերած դիմակներով դիմակավորված, գնացել են Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցի թիվ 323 հասցեում գտնվող տան մոտ: Այնուհետև, ժամը 23։00-ի սահմաններում նշված տան դարպասը բացելով անցել են բակ, ոտքով հարվածել, բացել տան մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան: Նրանք տանը քնած ամուսիններ Սոնյա Նիվոյանի և Պետրոս Նիվոյանի ձեռքերն ու ոտքերը կապել են կպչուն ժապավենով ու պահանջել են տանը եղած ողջ գումարն ու ոսկյա զարդերը, հակառակ դեպքում զենքերի ցուցադրմամբ սպառնացել են այրել տունը: Ննջարանի պահարանից գտնելով 2.980.000 ՀՀ դրամ՝ Լ.Լևոնյանը պահանջել է հայտնել ոսկեղենի տեղը և կրակել է առաստաղի ուղղությամբ, սակայն գնդակը, ուղղությունը փոխելով, դիպչել է Սոնյա Նիվոյանին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք։ Այնուհետև հափշտակելով առանձնապես խոշոր չափի` 20.000 ՀՀ դրամ արժողությամբ «Պարող Բուդդայի» բրոնզե հուշանվեր-արձանիկը և 2.980.000 ՀՀ դրամը՝ Լ.Լևոնյանի հետ դիմել է փախուստի»։

Ա.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի            2-րդ մասի 1­­-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

  1. Լևոն Լևոնյանին 2014թ. մայիսի 4-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝

«2014 թվականի ապրիլի 28-ին ավազակային հարձակում կատարելու և ուրիշի գույքը հափշտակելու նպատակով իր առաջարկով նախնական համաձայնության է եկել Ավետ Գևորգյանի հետ: Լևոն Լևոնյանը և Ավետ Գևորգյանը վերջինիս պատկանող 25 ՏՊ 123 պետհամարանիշի «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով Խնածախ գյուղից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ քաղաքում գտնվող կամրջի մոտ: Լևոն Լևոնյանը` 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակով, իսկ Ավետ Գևորգյանը՝ դանակով զինված, Լևոն Լևոնյանի կողմից նախապես բերած դիմակներով դիմակավորված, գնացել են Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցի թիվ 323 հասցեում գտնվող տան մոտ: Այնուհետև, ժամը 23։00-ի սահմաններում նշված տան դարպասը բացելով անցել են բակ, ոտքով հարվածել, բացել տան մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան: Նրանք տանը քնած ամուսիններ Սոնյա Նիվոյանի և Պետրոս Նիվոյանի ձեռքերն ու ոտքերը կապել են կպչուն ժապավենով ու պահանջել են տանը եղած ողջ գումարն ու ոսկյա զարդերը, հակառակ դեպքում զենքերի ցուցադրմամբ սպառնացել են այրել տունը: Ննջարանի պահարանից գտնելով 2.980.000 ՀՀ դրամ՝ Լ.Լևոնյանը պահանջել է հայտնել ոսկեղենի տեղը և կրակել է առաստաղի ուղղությամբ, սակայն գնդակը, ուղղությունը փոխելով, դիպչել է Սոնյա Նիվոյանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Այնուհետև հափշտակելով առանձնապես խոշոր չափի` 20.000 ՀՀ դրամ արժողությամբ «Պարող Բուդդայի» բրոնզե հուշանվեր-արձանիկը և 2.980.000 ՀՀ դրամը՝ Ա.Գևորգյանի հետ դիմել է փախուստի»։

Լ.Լևոնյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1­­-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

  1. Ավետ Աբգարի Գևորգյան, ծնվ. 1986թ. հունվարի 18-ին, բնակվում է Ասկերանի շրջան, գյուղ Խնածախ, տուն 55 հասցեով, չամուսնացած, չի աշխատում, նախկինում 3 անգամ դատված ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով (20.01.2004թ. դատավճռով դատապարտվել է ազատազրկման, 15.11.2008թ. դատավճռով դատապարտվել է ազատազրկման, 18.09.2012թ. դատավճռով դատապարտվել է ազատազրկման), դատվածությունը՝ չմարված:
  2. Լևոն Ասատուրի Լևոնյան, ծնվ. 1956թ. սեպտեմբերի 20-ին, բնակվում է Ասկերանի շրջան, գյուղ Խնածախ, տուն 18 հասցեով, չամուսնացած, չի աշխատում, նախկինում 3 անգամ դատված ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով (20.01.2004թ. դատավճռով դատապարտվել է ազատազրկման, 15.11.2008թ. դատավճռով դատապարտվել է ազատազրկման, 07.02.2013թ. դատավճռով դատապարտվել է ազատազրկման), դատվածությունը՝ չմարված:

ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական գործը հարուցվել է 2014թ. ապրիլի 29-ին` ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունոււմ:

Ա.Գևորգյանը ձերբակալվել է մայիսի 1-ին։

2014թ. մայիսի 2-ին քննիչը կայացրել է Ավետ Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը` 2 ամիս ժամկետով։

Լ.Լևոնյանը ձերբակալվել է մայիսի 3-ին։

2014թ. մայիսի 4-ին քննիչը կայացրել է Լևոն Լևոնյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել: Մայիսի 5-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալ Լ.Լևոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը` 2 ամիս ժամկետով։

2014թ. հունիսի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումներով մեղադրյալներ Լ.Լևոնյանի և Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվել է։

Նախաքննությունն ավարտվել է 2014թ. օգոստոսի 6-ին:

Գործը մեղադրական եզրակացությամբ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է հանձնվել 2014թ. օգոստոսի 20-ին:

Սեպտեմբերի 3-ին դատարանը կայացրել է դատական քննություն նշանակելու մասին որոշում։ Մեղադրյալների խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։

ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Մեղադրյալ Ա.Գևորգյանի մայիսի 2-ի ցուցմունքն այն մասին, որ 2014 թվականի ապրիլի 28-ին հանդիպել է իր համագյուղացի Լևոն Լևոնյանին և վերջինս առաջարկել է գիշերը թալանել Ստեփանակերտի բնակիչ ոմն Պետրոսի, ով, ըստ Լևոնի, խոշոր գումար էր ստացել Ռուսաստանից: Ինքը համաձայնվել է։ Երեկոյան իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով Լևոնի հետ իրենց գյուղից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ: Լևոնը մեքենայում ասել է, որ վերցրել է ինքնաշեն ատրճանակ։ Ինքը վերցրած է եղել խոհանոցային դանակ։ Հասել են Լևոնի նշած վայր՝ Մաշտոց փողոցում։ Լևոնի բերած դիմակները հագել են ու մոտ ժամը 23-ի կողմերը Լևոնի նշած տան դարպասով մտել են բակ, ոտքով հարվածել, բացել են տան մուտքի դուռը և ներս մտել: Ապա անցել են ննջասենյակ։ Այնտեղ քնած էին տարիքավոր ամուսիններ, ովքեր սաստիկ վախեցել են ու խնդրել, որ չկրակեն իրենց վրա։ Ինքը ասել է, որ իր ընկերը չի կրակի։ Միայն թե պետք է ասել փողի ու ոսկեղենի տեղը։ Այդ ընթացքում Լևոնը բացել է պահարանը և հանել 20.000 դրամանոցների տրցակ։ Հետո Լևոնը գոռացել է, որ եթե ոսկեղենի տեղը չասեն, տունը կվառի։ Ամուսինները վախից չէին կարողանում խոսել։ Վախենալով, որ Լևոնը կարող է կորցնել ինքնատիրապետումը՝ ինքը այդ պահին բարձրաձայն ասել է՝ «Արա, հանկարծ չկրակես, սրանք ոնց որ ինծիլիգենտ մարդիկ են։ Հեսա հանգստանան, ոսկեղենի տեղը կասեն»։ Այդ պահին Լևոնը օդ է կրակել ու անմիջապես տանտիրոջ կինը բարձրաձայն ճչացել է։ Ինքը հասկացել է, որ գնդակը կպել է նրան։ Վախեցել են ու փախել են՝ վերցնելով 20.000-անոցների տրցակը, ինչպես նաև մի ինչ-որ հնդկական թե չինական հետաքրքիր երկաթե սուվենիր։

Արագ հասել են մեքենային, վերադարձել են իրենց գյուղ։ Այնտեղ պարզել են, որ գողացել են 2 միլիոն 960 հազար դրամ։ Ավարը կիսել են հետևյալ կերպ. 1 միլիոն դրամը՝ իրեն, իսկ 1 մլն 960 հազար դրամը, ինչպես նաև հնդկական-չինական սուվենիրը՝ Լևոնին։ Հաջորդ օրը գնացել են խաղատուն և պարտվել ամբողջ գումարը։

Տուժողներ Նիվոյանների նույնաբովանդակ ցուցմունքներն այն մասին, որ ապրիլի 28-ին բանկից ստացել են Ռուսաստանից իրենց որդու ուղարկած 3 միլիոն դրամը։ 20 հազարը կենցաղային նպատակներով ծախսել են, իսկ մնացած գումարը դրել են ննջասենյակի պահարանում։ Քնել են ժամը 22-ի կողմերը։ Արթնացել են գոռգոռոցներից։ Երկու դիմակավոր մարդիկ վառել են իրենց ննջասենյակի լույսը և գումար-ոսկեղեն են պահանջել։ Նրանցից տարիքով ավագի մոտ ատրճանակ կար, իսկ երիտասարդի մոտ՝ դանակ։ Երիտասարդը ավելի հանգիստ էր։ Նա ատրճանակավորին նույնիսկ ասել է՝ «Հանկարծ չկրակես, էս ինտելիգենտ մարդիկ հիմա կհանգստանան, ու ոսկեղենի տեղը կասեն»։ Դրանից առաջ տարիքավորը արդեն պահարանը բացել և այնտեղից գտել էր որդու ուղարկած գումարը։ Նաև վերցրել էր իրենց ամուսնական ուղևորությունից որպես հուշ մնացած «Պարող բուդդայի» արձանը։ Հանկարծ տարիքավորը գոռալով պահանջել է, որ ասեն ոսկեղենի տեղը, թե չէ տունը կվառի։ Այդ պահին նա առաստաղին է կրակել ու անդրադարձով գնդակը կպել է տիկին Սոնյային։ Այդ պահին գողերը վախեցել ու փախել են։ Ժամը 23 անց 10-ի կողմերն էր։

Վկա Ս.Ստեփանյանի ապրիլի 29-ի ցուցմունքն այն մասին, որ ապրիլի 28-ին երեկոյան ժամը 23։15-ի կողմերը Մ.Մաշտոց փողոցով քայլում էր։ Տուն էր վերադառնում։ Հանկարծ նկատել է, որ երկու դիմակավորված մարդ արագ վազում են դեպի կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենան։ Մեկի ձեռքին նկատել է ինչ-որ երկաթե իր։ Նստել են մեքենան, ու արագ շարժվել։ Մեքենայի համարանիշն էր 25 ՏՊ 123։

Մայիսի 1-ի դատարանի որոշման հիման վրա մայիսի 4-ին ստացված և նույն օրը այլ փաստաթուղթ ճանաչված՝ Ա.Գևորգյանի անունով գրանցված բջջային հեռախոսահամարի մուտքային-ելքային զանգերի վերծանումը, համաձայն որի՝ ապրիլի 28-ին գրանցվել է տարբեր տևողությամբ 4 մուտքային և 4 ելքային հեռախոսազանգ Լ.Լևոնյանի անունով գրանցված բջջային հեռախոսահամարին (հեռախոսահամարից)։

Դեպքի վայրի զննության արձանագրությունը, որին կցված է դեպքի վայրից առգրավված 9 մմ տրամաչափի պարկուճ (առանձին որոշմամբ ճանաչվել է իրեղեն ապացույց)։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ Ս.Նիվոյանին պատճառվել է կյանքի համար վտանգավոր հրազենային մարմնական վնասվածք։

Ասկերանի շրջան, գյուղ Խնածախ, թիվ 18 տան մայիսի 3-ի խուզարկության արձանագրությունը, որով հայտնաբերվել և առգրավվել է «Պարող Բուդդայի» բրոնզե հուշանվեր-արձանիկը (առանձին որոշմամբ ճանաչվել է իրեղեն ապացույց)։

«Պարող Բուդդայի» բրոնզե հուշանվեր-արձանիկը տուժող Պ.Նիվոյանի ճանաչմանը ներկայացնելու արձանագրությունը, որով նա, նախապես մանրամասն նկարագրելով արձանիկը, 4 իրար նման արձանիկներից ճանաչել է մայիսի 3-ի խուզարկությամբ առգրավվածը։

«Պարող Բուդդայի» բրոնզե հուշանվեր-արձանիկի դատա-ապրանքագիտական փորձաքննության արձանագրությունը, որով դրա արժեքը գնահատվել է 20.000 ՀՀ դրամ։

Ապրիլի 30-ի որոշմամբ այլ փաստաթուղթ ճանաչված ԼՂՀ ԿԱ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրությունը այն մասին, որ 25 ՏՊ 123 պետհամարանիշի «Ռենո» ավտոմեքենան գրանցված է Ասկերանի շրջան, գյուղ Խնածախ, 55 տան բնակիչ Ավետ Աբգարի Գևորգյանի անունով։

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հետազոտվել են իրեղեն ապացույցները, այլ փաստաթղթերը, քննչական գործողությունների արձանագրությունները, փորձաքննության եզրակացությունները։

Տուժողները տվել են ցուցմունքներ, որոնց բովանդակությունը համընկնում է մինչդատական վարույթում տրված ցուցմունքին։ Տուժող Պ.Նիվոյանը նաև ավելացրել է, որ դեպքի հաջորդ օրն առավոտյան իրենց դարպասի մոտ՝ բակի կողմից, հայտնաբերել է ընկած 20.000-դրամանոց թղթադրամ։

Վկա Ս.Ստեփանյանի ցուցմունքը, որի բովանդակությունը համընկնում է մինչդատական վարույթում տրված ցուցմունքին։

Ամբաստանյալ Ա.Գևորգյանի ցուցմունքն այն մասին, որ իրեն մայիսի 2-ին հարցաքննելիս քննիչ Մելքոն Մելիքյանը իրեն ասել է. «գլուխդ կջարդեմ, եթե ամեն ինչ ճիշտ չպատմես և չասես ով է եղել հանցակիցդ»։ Սպառնալիքից վախեցած՝ ինքը տվել է Լևոնի անունը։ Հիմա ինքը հրաժարվում է նախաքննական ցուցմունքներից։

Դատարանը որպես վկա հարցաքննության է հրավիրել քննիչ Մելիքյանին։

Վկա Մ.Մելիքյանը ընդունել է, որ նման խոսքեր իսկապես ասել է, բայց դա արել է բացառապես ճշմարտությունը բացահայտելու նպատակով։

Հարցեր

Հարց 1. Ելնելով նախաքննական ապացույցներից (դրանց հավելելով դատարանում տուժող Պ.Նիվոյանի ցուցմունքը)՝ գնահատե՛ք առաջադրված մեղադրանքները և որակեք Ա.Գևորգյանի և Լ.Լևոնյանի արարքները: Հիմնավորեք պատասխանը:

Հարց 2. Մեկ առ մեկ անդրադառնալով ներկայացված ապացույցներին՝ գնահատե՛ք դրանցից յուրաքանչյուրի պատշաճությունը (թույլատրելիությունը, վերաբերելիությունը և դատավճռում օգտագործելու հնարավորությունը):

Հարց 3. Ընդունենք, թե դուք վերաորակում եք արարքը, ամբաստանյալներին մեղավոր եք ճանաչում ԼՂՀ քրեական օրենսգրքի 34-182-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշում եք կիրառել ազատազրկում պատժատեսակը։ Նշեք, թե նրանցից յուրաքանչյուրին նվազագույնը և առավելագույնը ինչ ժամկետով ազատազրկում կարող եք նշանակել։ Հիմնավորեք պատասխանը։

Հարց 4. Թույլ տրվե՞լ է արդյոք մեղադրյալների անձնական ազատության իրավունքի խախտում`

ա) այո. երկուսի նկատմամբ էլ թույլ է տրվել.

բ) միայն Ա.Գևորգյանի նկատմամբ.

գ) միայն Լ.Լևոնյանի նկատմամբ.

դ) ոչ. որևէ մեկի նկատմամբ թույլ չի տրվել:

Հիմնավորեք պատասխանը:

Առաջադրանք 2

(ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ իրավունք ԵՎ դատավարություն)

Ա ընկերությունը զբաղվում է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ: Ա-ի և Բ-ի միջև կնքվել է խաղողի մատակարարման պայմանագիր:

Պայմանագրի 1.1-ին կետի համաձայն` Բ-ն պարտավորվել է պայմանագրի գործողության ընթացքում Ա-ին մատակարարել 5.000 կգ խաղող (հետագայում` <<Ապրանք>>), իսկ Ա-ն իր հերթին պարտավորվել է ընդունել այդ <<Ապրանքը>> և վճարել դրա համար` Պայմանագրի        5-րդ գլխում նշված պայմանների համաձայն: Պայմանագրի 5.2.-րդ կետի համաձայն` <<Ապրանքի>> գինը կողմերի համաձայնությամբ սահմանվել է 500.000 ՀՀ դրամ (1 կգ խաղողի գինը` 100 ՀՀ դրամ):

Պայմանագրի 2.1 կետի համաձայն` <<Մատակարարն>> <<Ապրանքը>> մատակարարում է <<Գնորդի>> կողմից պատվերն ստանալու պահից 4 օրվա ընթացքում, պատվերում նշված ծավալներով: <<Մատակարարը>> պարտավորվում է մատակարարել <<Ապրանքի>> առաջին խմբաքանակը 2016 թվականի հունիսի 1-ին: Հաջորդ խմբաքանակներով մատակարարվող <<Ապրանքի>> հանձնման ժամկետները որոշվում են ըստ <<Գնորդի>> պատվերի: Թե´ առաջին, թե´ մյուս բոլոր մատակարարվող խմբաքանակների ծավալները որոշվում են <<Գնորդի>> պատվերով: Պայմանագրի 5.3 կետի համաձայն` դրամական միջոցների փոխանցումը կատարվում է <<Ապրանքը>> <<Գնորդին>> հանձնելու պահից 5 օրացուցային օրվա ժամկետում: Ա-ի կողմից Պայմանագրով սահմանված գինը վճարելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է տույժ` չվճարված կամ պակաս վճարված գումարի 0.5  տոկոսի չափով:

Ի կատարումն Պայմանագրի՝ Բ ընկերությունը Ա ընկերությանը 5 անգամ մատակարարում կազմակերպելու միջոցով հանձնել է 1.000 կգ ապրանք: Առաջին 4 անգամ կատարված մատակարարումների վերաբերյալ Ա և Բ ընկերությունների միջև կազմվել են հանձնման-ընդունման ակտեր և պատվերում նշված և մատակարարված խմբաքանակներին համապատասխան Ա-ի կողմից վճարվել է 80.000 ՀՀ դրամ: 5-րդ խմբաքանակի մատակարարման դիմաց վճարում չի կատարվել (խմբաքանակը Ա-ին է հանձնվել 01.07.2016 թվականին): Բ-ն հուլիս ամսվա ընթացքում, 3 շաբաթ անընդմեջ, Ա-ի կողմից ներկայացված պատվերները չի կատարել (հաջորդ խմբաքանակը Բ-ն պետք է մատակարարեր մինչև հուլիս ամսվա 2-րդ շաբաթվա սկիզբը): Արդյունքում, Ա-ն կնքել է խաղողի մատակարարման պայմանագիր մեկ այլ` Գ ընկերության հետ: Ա-ի կողմից ներկայացված հաշվապահական հաշվառման փաստաթղթերից հետևում է, որ Ընկերության շահույթը հուլիս ամսվա 2-րդ շաբաթվա ընթացքում զրոյական է եղել, իսկ դրան հաջորդող 2 շաբաթների ընթացքում կազմել է 1.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, 3 շաբաթվա համար ընկերության միջին շահույթը նախքան Բ ընկերության կողմից խախտում թույլ տալը կազմել է 1.200.000 ՀՀ դրամ: Բ ընկերության կողմից ներկայացվել է ապացույց այն մասին, որ Ա Ընկերությունում տեղի ունեցած տեխնիկական վթարի պատճառով հուլիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում ընկերությունում արտադրությունը դադարեցվել է:

Ա-ն գրավոր դիմել է պատասխանողին` առաջարկելով լուծել կողմերի միջև կնքված Պայմանագիրը՝ Բ-ի կողմից մատակարարում չիրականացնելու, այն է՝ պայմանագրի էական խախտում թույլ տալու հիմքով։ Բ-ն պատասխանել է, որ Ա-ի պատվերը չի կատարվել և մատակարարում չի իրականացվել այն պատճառով, որ 01.07.2016 թվականին կատարված մատակարարման համար վճարում չի ստացել: Բ-ին ուղղված պատասխանում Ա-ն նշել է, որ վճարումը պետք է կատարվեր ոչ թե յուրաքանչյուր խմբաքանակից հետո, այլ Պայմանագրով նախատեսված ամբողջ ապրանքը մատակարարելուն հաջորդող 5 օրացուցային օրվա ժամկետում:

Ա Ընկերության (Հանձնարարող) և Փաստաբանական գրասենյակի (Հանձնակատար) միջև կնքված հանձնարարության պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Հանձնակատարը պարտավորվում է Հանձնարարողի անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, այդ թվում` Ընկերության շահերի ներկայացում ԼՂՀ բոլոր դատարաններում` կապված դատական վեճի հետ ըստ հայցի Ա ընկերության ընդդեմ Բ ընկերության` պայմանագիրը լուծելու և բաց թողնված օգուտի տեսքով վնասների հատուցման պահանջի մասին: Պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն` հանձնարարության կատարման համար Հանձնարարողը Հանձնակատարին պարտավորվում է անկանխիկ վճարել 100.000 ՀՀ դրամ: Նույն պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` պայմանագրի 3.1-րդ կետով սահմանված վարձատրությունը Հանձնարարողը Հանձնակատարին վճարում է վճիռը հրապարակելուն հաջորդող 20 օրվա ընթացքում:

Ա-ն, դիմելով դատարան, պահանջել է լուծել Պայմանագիրը և բռնագանձել բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասները, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը: Հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն` պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ: Ներկայացվել են պետական տուրքի վճարման հնարավորությունը բացառող ծանր ֆինանսական վիճակի վերաբերյալ ապացույցներ:

Հայցվորի փաստարկները.

Բ-ի կողմից թույլ է տրվել պայմանագրի խախտում, այն է` հուլիս ամսվա ընթացքում, 3 շաբաթ անընդմեջ, Ա-ի կողմից ներկայացված պատվերները չեն կատարվել: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա-ի կողմից իրականացվող գործունեության բնականոն ընթացքը մեծապես կախված է տվյալ սեզոնի առանձնահատկություններով և խուսափելու համար արտադրության ծավալների կրճատումից` կնքել է խաղողի մատակարարման պայմանագիր մեկ այլ` Գ ընկերության հետ: Բ ընկերության կողմից պայմանագրային պայմանների խախտման հետևանքով արձանագրվել է արտադրության ծավալների անկում: Մասնավորապես, հայցին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ Ընկերության շահույթը հուլիս ամսվա 2-րդ շաբաթվա ընթացքում զրոյական է եղել, իսկ դրան հաջորդող 2 շաբաթների ընթացքում կազմել է 1.000.000 ՀՀ դրամ: Մինչդեռ, նախքան Բ Ընկերության կողմից խախտում թույլ տալը Ընկերության միջին շահույթը 3 շաբաթվա համար կազմել է 1.200.000 ՀՀ դրամ:

Հայցադիմումի պատասխանի փաստարկները.

Պայմանագրի դրույթների տառացի մեկնաբանման դեպքում պարզ է դառնում, որ Պայմանագրի դրույթների խախտում է թույլ է տվել ոչ թե Բ-ն, այլ Ա-ն, քանի որ Պայմանագրից հետևում է, որ Ա-ն յուրաքանչյուր մատակարարված խմբաքանակի դիմաց պետք է կատարեր վճարումներ: Հիմք ընդունելով վերոգրյալը` ընկերության կողմից որոշում է կայացվել կասեցնել ապրանքների մատակարարման Պայմանագրով ստանձնած պարտավորություները:

Անդրադառնալով Ա ընկերության մոտ բաց թողնված օգուտի տեսքով վնասի առկայությանը, նշել է, որ այն Ա Ընկերությունում տեղի ունեցած տեխնիկական վթարի պատճառով է տեղի ունեցել, որի արդյունքում հուլիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում ընկերությունը չի աշխատել: Հետևաբար, արտադրության ծավալների նվազումը պայմանավորված էր ոչ թե պայմանագրային պարտավորությունների ենթադրյալ խախտմամբ, այլ Ա ընկերության գործունեության ժամանակավոր դադարով:

Ինչ վերաբերում է պետական տուրքի վճարումը տարաժամկետելու միջնորդությանը, ապա հայցվորին նման իրավունք վերապահված չէ, քանի որ այն Իրավաբանական անձ է:

Հարցեր

Հարց 1. Արդյո՞ք Պայմանագրի 5.3.-րդ կետում տեղ գտած <<Ապրանք>> եզրույթը պետք է մեկնաբանել որպես 5.000 կգ խաղող, թե ըստ խմբաքանակների մատակարարվող խաղող: Հիմնավորեք պատասխանը:

Հարց 2: Արդյո՞ք Ա-ի հայցապահանջը` բաց թողնված օգուտի բռնագանձման մասով, ենթակա է բավարարման, եթե այո ապա ինչ չափով (հարցին պատասխանեք առաջնորդվելով այն կանխավարկածով, որ Ա-ի կողմից Պայմանագրով նախատեսված գումարի վճարումը պետք է կատարվեր Պայմանագրով նախատեսված ամբողջ խմբաքանակը՝ 5.000 կգ խաղողը, Ա-ին հանձնելու պահից 5 օրացուցային օրվա ընթացքում): Հիմնավորեք պատասխանը:

Հարց 3.  Արդյո՞ք տվյալ դեպքում փաստաբանի խելամիտ վարձատրությունը  կարող է գնահատվել որպես դատական ծախս, որը ենթակա է բաշխման գործին մասնակցող անձանց միջև:

Հարց 4. Արդյո՞ք պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում հայցադիմումը ենթակա է վերադարձման.

ա) այո, որովհետև ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով արտոնության նման տեսակ նախատեսված չէ.

բ) ոչ, որովհետև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով արգելվում է հայցադիմումը վերադարձնելը.

գ) այո, որովհետև «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով արտոնության նման տեսակ նախատեսված չէ.

դ) ոչ, որովհետև վճարումը տարաժամկետելու միջնորդությունը պետք է քննարկվի և այդ հարցով որոշում կայացվի որպես պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն:

Հիմնավորեք պատասխանը:

Առաջադրանք 3

(Վարչական իրավունք ԵՎ դատավարություն)

Հարց 1: Որո՞նք են վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները և արդյոք այդ հանգամանքները որպես ծանրացուցիչ գնահատելը կարո՞ղ է թողնվել վարչական տույժ նշանակող մարմնի հայեցողությանը:

Հարց 2: Նշե՛ք վարչական տույժեր նշանակելու կարգը՝ այն դեպքում, երբ անձի կողմից մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից:

Հարց 3: Նշե՛ք անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները:

Հարց 4: Որո՞նք են վարչական վարույթը կարճելու պարտադիր հիմքերը:

Հարց 5: Նշե՛ք այն դեպքերը, երբ վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի և երբ վստահելու իրավունք չունի: