ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

2017թ. դեկտեմբերի 5-ին կայացել է Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց.

  1. Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու մասին,
  2. Արցախի Հանրապետության դատավորների թեկնածուների ցուցակը հաստատելու մասին:

Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու հարցը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 144-րդ հոդվածի 6-րդ մասով, Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով, 74-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Խորհուրդը որոշեց Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրել Գայանե Ավետիսի Գրիգորյանին՝ հինգ տարի ժամկետով:

Քննարկելով Արցախի Հանրապետության դատավորների թեկնածուների ցուցակը հաստատելու մասին հարցը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 145-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետով,  Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 97-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2017թ. նոյեմբերի 28-ի ԱԽ-6-Ո-2 որոշումը և հաշվի առնելով ԼՂՀ Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի ՆՀ-87-Ա հրամանագիրը՝ Խորհուրդը որոշեց հաստատել Արցախի Հանրապետության դատավորների թեկնածուների ցուցակը` դրանում ներառելով նաև ԼՂՀ Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի ՆՀ-87-Ա հրամանագրով հաստատված ցուցակում ընդգրկված դատավորներին: