Խորհրդի մասին

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ: ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Արցախի Հանրապետության Սահմանադրության /այսուհետ՝ Սահմանադրություն/ 144-րդ հոդվածի համաձայն Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է հինգ անդամից, որից երեքը դատավորներ են, իսկ երկուսը՝ Արցախի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված անդամներ, ովքեր նշանակվում են առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի:

Բարձրագույն դատական խորհրդի երեք դատավոր անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ:

Բարձրագույն դատական խորհրդի մեկական անդամ նշանակում են Հանրապետության Նախագահը և Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է իր դատավոր անդամների կազմից: Բարձրագույն դատական խորհրդի նիստերը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով: Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների երկու երրորդի ներկայության դեպքում: Բարձրագույն դատական խորհրդի նիստերն արձանագրվում են պարզ թղթային արձանագրման միջոցով, իսկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձևով:

Բարձրագույն դատական խորհուրդն Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով / այսուհետ՝ Օրենսգիրք/ սահմանված կարգով`

  1. կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
  2. Ազգային ժողովին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
  3. Ազգային ժողովին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների թեկնածուներին.
  4. լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
  5. լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
  6. լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման կամ դադարման հարցը.
  7. հաստատում է դատարանների, ինչպես նաև դատական դեպարտամենտի ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
  8. դադարեցնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները.
  9. իր նախաձեռնությամբ կամ այլ անձանց առաջարկով քննարկում է դատարանների և դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց և առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ.
  10. սահմանում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքը, վարման կարգը, կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը, դատական ակտերի` Արցախի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու կարգը.
  11. հաստատում է պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը.
  12. մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության կանոնները.
  13. հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.
  14. սահմանում է դատավորների և Գերագույն դատարանի կնիքների, դրոշմակնիքների նկարագրությունը և տրամադրման կարգը.
  15. հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.
  16. սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, մեթոդաբանությունը և դատավորների գործունեության գնահատման անհրաժեշտ այլ մանրամասները.
  17. լուծում է դատավորի գործունեության գնահատման արդյունքների բողոքարկման հետ կապված վեճերը.
  18. սահմանում է դատական վիճակագրության հավաքման կարգը.
  19. սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը.
  20. սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ.
  21. սահմանում է դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը.
  22. լուծում է արձակուրդի տրամադրման հետ կապված և դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու համաձայնություն չտալու վեճերը.
  23. սահմանում է որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության և հարցազրույցի կազմակերպման, անցկացման և գնահատման կարգը.
  24. սահմանում է Բարձրագույն դատական խորհրդում քվեարկությունների համար անհրաժեշտ քվեաթերթիկների պատրաստման կարգը և դրանց ներկայացվող պահանջները.
  25. սահմանում է անձնական տվյալների ապանձնավորման կարգը.
  26. հաստատում է թարգմանչի նշանակման կարգը.
  27. հաստատում է դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտը.
  28. կայացնում է դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
  29. ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, գործունեության գնահատման վերաբերյալ որոշումների դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան՝ Օրենսգրքով սահմանված կարգով:

Բարձրագույն դատական խորհրդի նիստերը որպես դատարան հանդես գալու, ինչպես նաև դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների կազմման և հաստատման, Ազգային ժողովին նշանակման ենթակա դատավորների թեկնածուներ առաջարկելու դեպքերում անցկացվում են դռնբաց, եթե Բարձրագույն դատական խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ և դատական օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ, իսկ իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ:

Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը:

Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված դիմումները և այլ փաստաթղթերը հանձնվում են Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին (հասցե` քաղաք Ստեփանակերտ, Դավիթ Բեկի 21, հեռախոս` 94-95-77)