ԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱՐԻՆԵ ՆԱՐԻՄԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի գործընկերներ Հունվարի 20-ը առանձնահատուկ օր է մեզ համար.  արդեն 8-րդ անգամ այդ օրը պաշտոնապես նշվում է որպես դատական համակարգի աշխատողի օր:

Յուրաքանչյուր ժողովրդավարական, իրավական պետության կայացման եւ զարգացման համար կարեւոր նախապայման է անկախ, անաչառ, արդյունավետ ու հանրության առջեւ հաշվետու դատական համակարգի առկայությունը: Մեծ է դատական իշխանության դերը մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորման վրա հիմնված պետության զարգացման գործում:

Գաղտնիք չէ, որ մեզանից յուրաքանչյուրի նպատակը երկրում կայուն ժողովրդավարություն հաստատելն է, սահմանադրական սկզբունքների ամրապնդումն ու մարդու իրավունքներն ու ազատությունները, որպես բարձրագույն արժեք, երաշխավորելը:

Այս համատեքստում կարեւոր է դատական համակարգի եւ, ընդհանրապես, մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը. մեր ամենօրյա բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է նաեւ երկրում հաստատվում օրինականությունը եւ ամրապնդվում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

Մեզանից յուրաքանչյուրն, անշուշտ, իր ներդրումն ունի արդար ու արդյունավետ դատական համակարգի կայացման գործում: Համոզված եմ, որ այսուհետ եւս ջանք ու եռանդ չենք խնայի Սահմանադրությամբ մեզ վերապահված առաքելությունն իրականացնելու համար:

Դատական համակարգի հիմնախնդիրները մշտապես գտնվում են Հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության ներքո, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ՝ շարունակելու մեր հետեւողական եւ համակարգված աշխատանքը:

Դատական իշխանության ինքնուրույնությունը եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր Սահմանադրության համաձայն ստեղծվել  է Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է երաշխավորելու դատարանների եւ դատավորների անկախությունը:

Համոզված եմ, որ թե Բարձրագույն դատական խորհրդի եւ թե մեզանից յուրաքանչյուրի գործունեությունը միտված կլինի համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը եւ դատական իշխանության զարգացմանը:

Ուզում եմ բոլորիս շնորհավորել դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ, ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում: Խաղաղություն եւ բարօրություն ձեզ եւ ձեր ընտանիքներին: