ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Այսօր ԱՀ Դատավորների միության գրասենյակում տեղի է ունեցել Գերագույն դատարանի դատավոր, վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանի «Արդարադատության դիրքերում» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է հեղինակի ծնողների հիշատակին, որում զետեղված է  ԱՀ  դատական  մարմիններում  աշխատելու  տարիներին  հեղինակի  հոդվածների,  հարցազրույցների  հիմնական  մասը, հրապարակումները, որոնք  ամբողջացնում են  հանրապետությունում   իրավական  ոլորտում  կատարված  և  կատարվելիք  աշխատանքները:

Խոսելով  «Արդարադատության   դիրքերում»   գրքի  մասին՝    ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Ն. Նարիմանյանը   նշել  է, որ  այնտեղ  ներկայացված  է   ոչ  միայն   ԱՀ  դատական   իշխանության  պատմությունն  ստեղծման   պահից  առ  այսօր, այլև  նրա  հոդվածներում  և  հարցազրույցներում    արտացոլված   են  արդարադատության    հրատապ, ինչպես   նաև  դատական    իշխանության  ողջ   համակարգին առնչվող  առանցքային  նշանակություն  ունեցող   խնդիրներ: «Վ.  Հովսեփյանը   դատավոր  է,  ով  աչքի  է  ընկել  իր  սկզբունքայնությամբ, պարկեշտությամբ, ով  մեծ   հեղինակություն  է  վայելել   հասարակության   կողմից և շուրջ  4  տասնամյակ  աշխատել  է  իրավական  համակարգում, որից  միայն 22  տարին՝    դատական  համակարգում: Նա  պրպտուն, որոնող  միտք  ունի  և ստեղծագործող  իրավաբան  է: Համոզված եմ, որ   նա  բարձրագույն  ուսումնական  հաստատություններում  շարունակելու  է   իր գիտելիքներն  ու  փորձը   փոխանցել   ապագա իրավաբաններին»,- մասնավորապես ասել  է  Ն.  Նարիմանյանը:

ԱՀ  դատական  համակարգում  երկարամյա  գործունեության  և  ներդրած  ավանդի  համար ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանի  հրամանագրով    ԱՀ  Գերագույն  դատարանի  դատավոր  Վլադիմիր  Հովսեփյանը   պարգևատրվել  է «Մխիթար  Գոշ»  մեդալով:

ԱՀ  համակարգում  երկարամյա  գործունեության, իրավագիտության  զարգացման, արդարադատության  իրականացման  գործում  ներդրած  մեծ  ավանդի  և  ծննդյան 65-ամյակի  կապակցությամբ   Վ. Հովսեփյանը  Նարինե  Նարիմանյանի կողմից    պարգևատրվել  է  նաև  ԱՀ  դատարանների   նախագահների  խորհրդի   պատվոգրով:

Գերագույն դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի   խոսքով  էլ   գրքում    տեղ  են  գտել  այս  կամ  այն  իրավական  խնդրի  վերաբերյալ գիտագործնական  մեկնաբանություններ, որը  Արցախի  իրավական  ոլորտում     ունի մեծ  նշանակություն, այն  առումով,  որ  իր   մեջ  ներառում  է, ինչպես  դատական  համակարգի  ստեղծման   պահը,  այնպես  էլ     համակարգի  կայացման  և   դատաիրավական  բարեփոխումների  փուլը:

Հ. Խաչատրյանն  էլ   «ԱՀ դատավորներ»   ՀԿ  խորհրդի կողմից  ԱՀ  դատավորների  միության  պատվոգիր   է շնորհել   Վ.  Հովսեփյանին՝  արդարադատության  բնագավառում երկարամյա  աշխատանքում  ունեցած  ներդրման  համար և   ծննդյան 65-րդ   տարեդարձի  կապակցությամբ:

Վերջում ելույթ է ունեցել Վ. Հովսեփյանը: Նա շնորհակալություն է հայտնել երկրի իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր նպաստել են գրքի հրատարակմանը:

Շնորհանդեսին  գրքի  մասին  հնչել  են   շնորհավորական   խոսքեր, բարեմաղթանքներով  հանդես  են  եկել   Վ.  Հովսեփյանի  գործընկերները  և  ընկերները: