Վերաքննիչ դատարանը 10 տարեկան է

2018թ-ը հոբելյանական  տարեթիվ է  վերաքննիչ դատարանի համար: 10 տարի առաջ   այս օրը հիմնվելով՝  վերաքննիչ դատարանը դարձավ Արցախում արդարադատության իրականացման համակարգի  անքակտելի մաս եւ անբաժանելի օղակ:

Իր լինելիությամբ վերաքննիչ դատարանը եւս մեկ հնարավորություն տվեց Արցախի քաղաքացուն իր իրավունքները պաշտպանել   եռաստիճան դատական համակարգում:

Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանն օրվա առիթով  շնորհավորել է  դատական համակարգի աշխատողներին եւ հատկապես վերաքննիչ դատարանի գործող եւ նախկին դատավորներին, ովքեր իրենց ավանդն ունեն  դատական իշխանության զարգացման ու կայացման գործում եւ մասնավորապես նշել է.

«Վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններում դատաքննությունն  իրականացվում է կոլոգիալության սկզբունքով, ինչը նվազեցնում է դատական սխալի հավանականությունը:  Դատարանի դերը մեծ է օրինականության հաստատման ու մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ու ամրապնդման գործում »,- նշել է  Ն. Նարիմանյանը:

Հոբելյանական օրվա առթիվ  վերաքննիչ դատարանի դատավորներին շնորհավորել է նաեւ վերաքննիչ դտարանի նախագահ Արսեն Հայրապետյանը, ով նշել է՝ արդրադատության իրականացման համակարգը չի կարող գործել առանց երեք օղակներից մեկի առկայության:

Արսեն Հայրապետյանը կարեւորել է  այն դատավորների ավանդը,ովքեր կանգնած են վերաքննիչ ատյանի կազմավորման ակունքներում:

Վերաքննիչ դատարանի առաջին նախագահ Վլադիմիր Հովսեփյանը   կարեւորելով վերաքննության  կարգի ձեւավորումը  մատնանշել է, որ վերաքննության համակարգը  գործել է դեռեւս Հռոմեական կայսրության օրոք եւ չկա մի պետություն, որը տուժի վերաքննության մեխանիզմի գործադրումից:

Գործընկերներին շնորհավորել է նաեւ վերաքննիչ դատարանի դատավոր Նորայր  Գրիգորյանը եւ նշել, որ  դատական համակարգը իշխանության ամենահամեստ ճյուղն է, որը ,սակայն, պահանջում է առավել մեծ ուշադրություն եւ պատասխանատվություն:

Արցախի դատավորների միության  նախագահ Հասմիկ Խաչատրյանը հոբելյանական օրվա առթիվ վերաքննիչ դատարանին է նվիրել արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդայի արձանիկը եւ հույս հայտնել, որ ամեն օր աշխատանքի գալով  խորհրդանշական արձանիկը կհուշի անաչառության մասին: