ԱՀ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հակոբյանի թեկնածությունը:
Գաղտնի քվեարկության արդյունքում հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը հայտարարել է, որ Դավիթ Հակոբյանի օգտին քվեարկել է 18 պատգամավոր, դեմ` 12:
Նույն օրը Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանն ԱՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներին է ներկայացրել նորընտիր դատավոր Դավիթ Հակոբյանին:
Ներկաների անունից շնորհավորելով Դավիթ Հակոբյանին դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Նարինե Նարիմանյանը նշել է՝ դատավորի աշխատանքը որքան բարդ ու պատասխանատու, այնքան էլ պատվաբեր առաքելություն է:
« Դատավորի աշխատանքից ավելի պատվաբեր աշխատանք չկա, մնում է միայն առաջնորդվել օրենքով, խղճով եւ արդարադատությունն իրականացնել ամենայն պատասխանատվությամբ»,- ասել է Ն. Նարիմանյանը:
Գերագույն դատարանի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Դ. Հակոբյանը իր նախկին աշխատանքային փորձն էլ կներդնի (2009թ. ԱրՊՀ դասախոս) տեսական գիտելիքները համատեղելով պրակտիկ գործունեության հետ:
Դավիթ Հակոբյանն իր հերթին նշել է, որ դատավոր դառնալու որոշումը կայացրել է պարտքի եւ պատասխանատվության խորը գիտակցումով:
« Պատրաստ եմ իմ գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքին համապատասխան եւ դատավորի երդմանը հավատարիմ: Հավաստիացնում եմ Ձեզ՝ իմ արարքներում տեղ չեն գտնելու երեւույթներ, որոնք կվնասեն դատական իշխանության հեղինակությանը»,- նշել է Դավիթ Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանին շնորհավորել են նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը եւ ԱՀ Ընդհանուր իրավասաության առաջին ատյանի նախագահ Անատոլի Թադեւոսյանը, մաղթելով արդարացի եւ արդյունավետ աշխատանք: