Կայացավ ԱՀ դատավորների ընդհանուր ժողովը

Այսօր` հուլիսի 31-ին, կայացավ Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, որը նախագահում էր ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը:

25 դատավորներից ներկա էին 22-ը, երեք դատավոր հարգելի պատճառով բացակայում էին ժողովից: ԱՀ դատական նոր օրենսգրքի ընդունումից հետո անհրաժեշտություն էր առաջացել վերանայել դատավորների ընդհանուր ժողովի կողմից նախկինում ընդունված որոշումները: Հաստատելով ԱՀ դատավորների ընդհանուր ժողովի նոր կանոնակարգը՝ ժողովի կողմից ուժը կորցրած ճանաչվեց 2009թ. մարտի 13-ի թիվ 02-Լ որոշումը:

 Հաշվի առնելով այն, որ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են Դատական օրենսգրքով, դատավորները ուժը կորցրած ճանաչեցին նաեւ ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի 2010թ. հունիսի 22-ի «Դատավորների վարքագծի կանոնները սահմանելու մասին» թիվ 02-Ն որոշումը:

Ժողովը քննարկելով ԱՀ Գերագույն դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանի եւ ԱՀ  ԸԻ առաջին ատյանի դատավոր Ռաֆայել Ջհանգիրյանի դիմումները՝ ԱՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում իրենց լիազորությունները դադարեցնելու մասին, բավարարեց դրանք:

Գաղտնի քվեարկության արդյունքում 22:0 ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին ԱՀ Վերաքննիչ դատարանից` Լիլյա Ավանեսյանը եւ ԱՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից` Կարեն Մելքումյանը:

Գերագույն դատարանի նախագահը, շնորհավորելով եւ միաժամանակ արդյունավետ աշխատանք մաղթելով նորընտիր անդամներին՝ հույս հայտնեց, որ հանձնաժողովը քիչ դժգոհություններ կստանա դատավորների գործունեության եւ կարգապահության վերաբերյալ: