Ռաֆայել Ջհանգիրյանը ընտրվել է ԱՀ վերաքննիչ դատարանի  դատավոր

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ԱՀ   Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը ԱԺ-ին է ներկայացրել ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու Ռաֆայել Ջհանգիրյանին։

«Դատավորի գործունեության վերաբերյալ ցանկացած միջամտություն դատական գործում անթույլատրելի է և այդ միջամտության ցանկացած դրսևորման վերաբերյալ դատավորը պարտավոր է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին: Դատական համակարգի կայացման համար հատկապես կառանձնացնեի դատավորների սկզբունքայնությունը, մարդկային արժեքները և մասնագիտական պատրաստվածությունն ու փորձը»,- ավելացրել է Ռ. Ջհանգիրյանը:

Իր խոսքում Ռաֆայել Ջհանգիրյանն ասել է, որ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածում իր կողմից քննվել և ավարտվել է 1655 քաղաքացիական, 188 վարչական, 40 քրեական գործեր, մինչդատական վարքի նկատմամբ դատական վերահսկողությամբ ընթացքավորվել են 233 միջնորդություններ, ինչպես նաև՝ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ 2337 գործեր:

ԱԺ փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ձայների  29 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել Ռաֆայել Ջհանգիրյանը:

Նորընտիր դատավորին  ԱՀ վերաքննիչ դատարանի  դատավորներին է ներկայացրել ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը։

Ներկաների անունից շնորհավորելով երիտասարդ, բայց արդեն  դատական երկրորդ  ատյանը ներկայացնող դատավորին, Նարինե Նարիմանյանը հույս հայտնեց, որ Ռաֆայել Ջհանգիրյանը իր բարձր պատասխանատվությունը կծառայեցնի նաեւ վերաքննիչ դատարանում։