Արցախի Հանրապետության Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը Գերագույն դատարանն է: Գերագույն դատարանը իրականացնում է սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Գերագույն դատարանը՝ որպես բարձրագույն դատական ատյան, դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝ 1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը. 2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Գերագույն դատարանն ապահովում է վերանայվող դատական ակտով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի այն դրույթը մեկնաբանելով, որը վերանայվող և առնվազն մեկ այլ դատական ակտում կիրառվել է հակասական մեկնաբանությամբ կամ որի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարարար խախտումները վերացնելու նպատակով Գերագույն դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել արդար դատաքննության իրավունքը կամ Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու հիմնական իրավունքները խաթարող նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Գերագույն դատարանի լիազորությունների և գործունեության կարգի վերաբերյալ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված դրույթների կատարումն ապահովելու նպատակով և «Սահմանադրական դատավարության» մասին ԼՂՀ օրենքի հիման վրա ԼՂՀ Գերագույն դատարանի աշխատակարգային որոշմամբ 2013թ. սեպտեմբերի 25-ին ընդունվել է սահմանադրական արդարադատություն իրականացնելու կանոնակարգը:
Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Գերագույն դատարանի դատական տարածքը Արցախի Հանրապետության տարածքն է: Գերագույն դատարանի նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:
Գերագույն դատարանը կազմված է Գերագույն դատարանի նախագահից և վեց դատավորից:
Գերագույն դատարանի նախագահը՝
1) ապահովում է Գերագույն դատարանի բնականոն գործունեությունը.
2) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով ձևավորում է դատական կազմը և նշանակում նախագահող դատավորին.
3) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.
4) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.
5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակման է ուղարկում Գերագույն դատարանի որոշումները.
6) Գերագույն դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
7) վերահսկում է Գերագույն դատարանի աշխատակազմի գործունեությունը.
8) ներկայացնում է Գերագույն դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
9) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորների Ընդհանուր ժողով.
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
Գերագույն դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը: Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:
ԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Սեյրան Սուրիկի Բաղդասարյան