Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանն իր լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի՝ վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը: Այլ դատական ակտերը վերանայվում են օրենքով նախատեսված դեպքերում: Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:
Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Վերաքննիչ դատարանում դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Արցախի Հանրապետության տարածքն է: Վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով: Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:
Վերաքննիչ դատարանի նախագահը՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
2) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով ձևավորում է դատական կազմը և նշանակում նախագահող դատավորին.
3) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.
4) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատավորների Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով).
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
6) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.
7) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
8) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Ընդհանուր ժողով,
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և ծառայում է` ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը: Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ԱՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:
Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով:
ԱՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՄՀԵՐ ԱՆԱՏՈԼԻԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ