Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` Դատարան) քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր հարցերը։
Դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա։ Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, իսկ միջանկյալ դատական ակտերը՝ կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ: Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը (բացառությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացրած դատական ակտերի) բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով: Դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
Դատարանը գործում է դատարանի նախագահի և 11 դատավորի կազմով:
Դատարանի նախագահն ունի հետևյալ լիազորությունները՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
2) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.
3) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատավորների Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով).
4) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
5) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Ընդհանուր ժողով,
8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը: Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ԱՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:
Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով:
Դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:
Դատարանը Արցախի Հանրապետության տարածքում կարող է ունենալ այլ նստավայրեր:
Դատարանի դատական տարածքը Արցախի Հանրապետության տարածքն է:
ԱՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՀԻՏ ՎԱԶԳԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ