Գերագույն Դատարան: Դատավորներ

ՆԱՐԻՆԵ ԿԱՌԼԵՆԻ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ
ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ

Ծնվել է 1974թ. հունիսի 19-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1990 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին  սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1990-1997 թվականներին  աշխատել է Ստեփանակերտի թիվ 2718 ավտոշարասյունում` որպես  օպերատոր, միաժամանակ, 1995-1997 թվականներին  կատարելով իրավախորհրդատուի պարտականությունները: 1997-1998 թվականներին աշխատել է  “Ասպար” ՍՊԸ-ում` որպես կառավարիչ: 1998-2001 թվականներին աշխատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմում` որպես  իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ: 2001-2004 թվականներին աշխատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչի, այնուհետև 2004-2006 թվականներին ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմում` պետաիրավական վարչության պետի պաշտոններում: 2006-2007 թվականներին աշխատել է  ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` որպես պետաիրավական վարչության պետ: 2007 թվականին ԼՂՀ Նախագահի հրամանագրով  նշանակվել է ԼՂՀ Արդարադատության նախարար և աշխատել մինչև 2012 թվականը: ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2013 թվականի ապրիլի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ: Ունի քաղաքացիական ծառայության I-ին դասի պետական խորհրդականի դասային  աստիճան: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծնվել է 1965 թվականի մարտի 2-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1982 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցը: 1986 թվականին ավարտել է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկոմի իրավագիտության բաժինը: 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1982-1984 թվականներին աշխատել է Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում` որպես բանվոր: 1986-1988 թվականներին աշխատել է Ստեփանակերտի գազի տարածքային արտադրական միավորումում` որպես իրավախորհրդատու: 1988-1992 թվականներին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես իրավախորհրդատու:  1992-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ դատախազության համակարգում` որպես քննիչ, դատախազի օգնական, դատական հսկողության բաժնի դատախազ: 1997-2002 թվականներին աշխատել է Ասկերանի շրջանային դատավորի պաշտոնում: 2002-2012 թվականներին աշխատել է ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում: 2012 թվականի ապրիլի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր:  Ունի դատախազության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: 2003-2009 թվականներին դասավանդել է “Երևան” համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում: 2015թ. հունվարի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:  Ամուսնացած է: Ունի երկու դուստր:

ԳՐԵՏԱ ՄԻՔԱՅԵԼԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է 1953 թվականի հունվարի 26-ին, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում: 1970 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ասկերանի շրջանի Այգեստանի միջնակարգ դպրոցը: 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1975-1976 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար: 1976-1989 թվականներին աշխատել է ԼՂԻՄ դատախազության համակարգում` որպես Ստեփանակերտի քաղդատախազի օգնական, մարզային դատախազի օգնական: 1989 -1992 թվականներին հանդիսացել է ԼՂԻՄ մարզային դատարանի, 1992-1995 թվականներին` ԼՂՀ Գերագույն դատարանի անդամ: 1995-2002 թվականներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի դատավորի պաշտոնում: 2002-2008 թվականներին աշխատել է որպես ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատավոր: 2008-2012 թվականներին պաշտոնավարել է որպես ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2012 թվականի ապրիլի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր: 2007 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:Արցախի պետական համալսարանի դոցենտ է: 2013թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Ամուսնացած է: Ունի երեք զավակ:

ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1977 թվականի մայիսի 25-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1993 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1999 թվականից առ այսօր աշխատում է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավունքի ամբիոնում` որպես դասախոս: 2007-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչության առաջին քարտուղարի պաշտոնում: 2008 թվականի ապրիլի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր: 2012 թվականի նոյեմբերի 15-ին  ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

ԻՐԻՆԱ ՀՐԱՉԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1960 թվականի մարտի 13-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում: 1977 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1977-1980 թվականներին աշխատել է “Ղարմետաքսկոմբինատի” ոլորող արտադրությունում` որպես բանվորուհի:  1980-1981 թվականներին աշխատել է Վորոնեժ քաղաքի “Վորոնեժօբլրեմստրոյպրոեկտ” նախագծային հիմնարկությունում` որպես տեխնիկ: 1986 թվականին ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:  1986-1987 թվականներին աշխատել է Լիպեցկ քաղաքի Աջափնյա շրջանի դատարանում` որպես դատավորի ստաժոր: 1987 թվականի հունվարի 11-ին լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրվել է Լիպեցկի մարզի Ելեցի շրջանի ժողովրդական դատավոր: 1987 թվականի հունիսի 21-ին հերթական ընտրությունների ժամանակ կրկին ընտրվել է Ելեցի շրջանի ժողդատավոր: 1989 թվականի օգոստոսի 14-ին ժամկետից շուտ ազատվել է ժողդատավորի պարտականություններից` հայրենիք վերադառնալու կապակցությամբ: 1989-1993 թվականներին աշխատել է ԼՂԻՄ-ի արդարադատության բաժնում` որպես խորհրդատու, ավագ խորհրդատու: 1993 թվականին ԼՂՀ Գերագուն խորհրդի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի և նրա նախագահության անդամ և աշխատել է մինչև 1996 թվականը: 1996-2002 թվականներին աշխատել է ԼՂՀ դատախազությունում` որպես դատարաններում քրեական և քաղաքացիական գործերի քննարկման օրինականությունը հսկող բաժնի դատախազ: 2002 թվականի փետրվարի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր:  1989-1992 թվականներին դասավանդել է Կիրովականի (Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղում, 1997-1999 թվականներին` Մոսկովյան ժամանակակից հումանիտար համալսարանի Երևանի մասնաճյուղի Ստեփանակերտի ներկայացուցչությունում: 2015թ. հունվարի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Ամուսնացած է: Ունի երկու դուստր:

ԱՐՍԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1973 թվականի հուլիսի 19-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում: 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1995 թվականին ավարտել է Ուկրաինայի պետական իրավաբանական ակադեմիայի ցերեկային բաժինը, 2004 թվականին` Արցախի պետական համալսարանի տնտեսագիտություն ֆակուլտետի հեռակա բաժինը: 1995-99 թվականներին աշխատել է Խարկովի մարզային դատախազությունում` Խարկովի միջշրջանային դատախազության դատախազի օգնականի ստաժոր, այնուհետև` քննիչ և ավագ քննիչ:  1999-2011 թվականներին` աշխատել է ԼՂՀ դատախազության համակարգում` 1999-2001 թթ.` ԼՂՀ գլխավոր դատախազության հատկապես կարևորագույն գործերով քննիչ, 2001-2003 թթ.` ԼՂՀ գլխավոր դատախազության հատկապես կարևորագույն գործերով ավագ  քննիչ,2003-2006 թթ.` ԼՂՀ գլխավոր դատախազության քննչական բաժնի պետ, 2006-2008 թթ.` Մարտունու շրջանի դատախազ,2008-2011 թթ.` ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ: Արդարադատության 2-րդ դասի խորհրդական է: 2011թ. մարտի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր: Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՐԵՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ծնվել է 1953թ. ապրիլի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: 1970թ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: 1971-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում: 1974-1975թթ. աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանում, 1977-1981թթ.` “Երևանվիտամիններ” արտադրական միավորումում` որպես փականագործ: 1981թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավագետի մասնագիտությամբ: 1981-1983թթ. աշխատել է Հադրութի պետական նոտարական գրասենյակում` պետական նոտար, 1983-1996թթ. ԼՂԻՄ-ԼՂՀ դատախազության մարմիններում` Մարտունու շրջդատախազության քննիչ, Ստեփանակերտի քաղդատախազության ավագ քննիչ, մարզդատախազության  կարևորագույն գործերով քննիչ, քննչական բաժնի պետ, Ասկերանի շրջդատախազ, ԼՂՀ դատախազության ընդհանուր հսկողության բաժնի պետ: 1996-2007թթ. աշխատել է ԼՂՀ դատական մարմիններում` ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի տեղակալ, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ: 2007-2008թթ. աշխատել է ԼՂՀ Նախագահի խորհրդական, 2008-2012թթ.` ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ: 2012թ նոյեմբերի 29-ին ԼՂՀ  Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր: Դասախոսում է Արցախի պետհամալսարանում: 2015թ. հունվարի 20-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի  հրամանագրով շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:  Ամուսնացած է, ունի երեք զավակ: