ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանն այսօր ԱՀ ԱԺ լիագումար նիստում պատգամավորներին է ներկայացրել Նարեկ Մարատի Հովհաննիսյանի թեկնածությունը՝ ԱՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար: Իր խոսքում դատավորի թեկնածու Նարեկ Հովհաննիսյանը նշել է, որ քաջ գիտակցում է դատավորի դերից ու կարգավիճակից բխող առանձնահատկությունները, անկախ եւ անաչառ գործելու, ինչպես նաեւ դատավորի վարքագծի կանոնները անվերապահորեն պահպանելու պարտադիր լինելը, որոնք իր համար լինելու են սկզբունքային:

 «Դատական համակարգում ձեռք բերած աշխատանքային փորձը, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները, դատական համակարգը որպես հարազատ կառույց ընդունելու հանգամանքը շարժառիթ հանդիսացան` կայացնելու դատավոր դառնալու որոշում։ Իմ պատշաճ մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների եւ հմտությունների շարունակական կատարելագործմամբ ակնկալում եմ մասը կազմել մեր երկրի արդարադատության եւ իրավունքի գերակայության ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքին»,- ընդգծել է Նարեկ Հովհաննիսյանը:

 ԱԺ փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ձայների 26 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ Նարեկ Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, որից հետո տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունը:

 Նորընտիր դատավորին ԱՀ առաջին ատյանի դատավորներին է ներկայացրել ԱՀ ԲԴԽ նախագահ Գայանե Գրիգորյանը: Շնորհավորելով պատասխանատու աշխատանքի անցնելու կապակցությամբ Գայանե Գրիգորյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել Նարեկ Հովհաննիսյանին, դատավորին շնորհավորել են նաեւ գործընկերները: