«ԼՂՀ դատավորներ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականի հունիսի 22-ին։ Միության անդամները ԼՂՀ բոլոր ատյանների դատարանների դատավորներն են։
Որպես հասարակական կազմակերպություն՝ ԼՂՀ դատավորների միության նպատակներն են.
1. աջակցել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանն ու ամրապնդմանը, անկախ դատական համակարգի զարգացմանը, օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին.
2. նպաստել միության անդամների և դատավորների որակավորման բարձրացմանը, ուսուցմանը, վերապատրաստմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը, դատավորների անկախության, անձեռնմխելիության և անվտանգության ապահովմանը, հեղինակության բարձրացմանը, դատարանի և դատական իշխանության անկախության ապահովմանը, ամրապնդմանը և դատարանի նկատմամբ հասարակության վստահության աճին, միության անդամների հանդիպումների և հանգստի կազմակերպմանը.
3. պաշտպանել միության անդամների օրինական շահերն ու օրենքով սահմանված իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը.
4. ապահովել դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.
5. օժանդակել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը.
6. համագործակցել դատավորների արտասահմանյան և միջազգային միությունների հետ.
7. օրենքով սահմանված կարգով հրատարակել պարբերականներ, իրավաբանական գրականություն, լուսաբանել միության անդամների փորձը, դատարանի և դատական իշխանության գործունեությունը։
ԼՂՀ դատավորների միության կառուցվածքային մարմիններն են`
1. Ընդհանուր ժողովը, որը կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է.
2. Խորհուրդը, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը.
3. Նախագահը, որը միաժամանակ Խորհրդի նախագահն է.
4. Վերահսկիչ հանձնաժողովը, որը վերահսկում է միության ֆինանսատնտեսական գործունեությունը։
2010 թվականից մինչ օրս ԼՂՀ դատավորների միության նախագահն է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանը:
Միության ստեղծումից տասնմեկ ամիս անց ԼՂՀ Գերագույն Դատարանի նախագահ Արամայիս Ավագյանի անմիջական նախաձեռնությամբ սկսել է հրատարակվել «ԼՂՀ Դատական իշխանություն իրավատեղեկատվական-վերլուծական հանդեսը, որը Հանրապետությունում իրավական թեքում ունեցող առաջին պարբերականն էր: Այն առաջինն է նաև այն առումով, որ անդրադարձավ դատական պրակտիկային։
«Դատական իշխանությունը այն եզակի ամսագրերից է, որում հանդես են գալիս առավելապես հայ դատավորներն իրենց գիտական հոդվածներով՝ նվիրված իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին։
Խմբագրական խորհրդի կազմում են` ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը, ՙՍահմանադրական իրավունքի կենտրոն՚ի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, Մոսկվայի Պետական Համալսարանի համաշխարհային քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Եզեկ Մաթևոսյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Վաղարշյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրետա Արզումանյանը, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Անատոլի Թադևոսյանը, ԱրՊՀ պրոռեկտոր,պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Բալայանը, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռիտա Առուստամյանը:
Ամսագիրն առանձին բաժիններում պարբերաբար անդրադառնում է դատական համակարգի, դատական պրակտիկայի, առևտրային, միջազգային, սահմանադրական, քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեական, քրեադատավարական իրավունքների, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի, կալանավորման և բազմաթիվ այլ հիմնահարցերի։
Քրեական և քաղաքացիական դատավարությունների, քրեական և այլ օրենսդրությունների ընդունումից հետո անհրաժեշտություն առաջացավ մշտապես գիտականորեն մեկնաբանել նշված օրենքների նորմերը։ Լինելով Դատավորների միության միակ պարբերականը` այն տպագրում է ԼՂՀ Գերագույն դատարանի նախադեպային նշանակություն ունեցող որոշումները, ինչպես նաև Արդարադատության խորհրդի որոշումները: Այն անդրադառնում է նաև Հանրապետությունում տեղի ունեցող կարևոր հասարակական քաղաքական երևույթներին: Հատուկ էջ են զբաղեցնում նաև Արցախի դատական համակարգի պատմական էջերի լուսբանմանը:
Միության համար արդեն ավանդույթ է դարձել վաստակի գնահատման տարելիցների և թոշակի անցնող դատավորների մեծարման երեկույթների, շնորհավորական ուղերձների կազմակերպումը։
Պարբերաբար անցկացվում են խորհրդի նիստեր, որտեղ քննարկվում են ընթացիկ հարցեր` բխող Միության կանոնադրային նպատակներից: Խորհուրդն ունի երեք անդամներ, ովքեր ըստ բնագավառների կատարում են համապատասխան աշխատանքներ:
Միության խորհրդի նիստերում քննարկվում են դատական համակարգի ու դատավորների իրավունքների պաշտպանության մասին տարբեր հարցեր և ընդունվում համապատասխան որոշումներ։
Միության անդամները մասնակցում են ՀՀ Դատավորների միության կողմից կազմակերպվող սեմինարներին, գիտագործնական կոնֆերանսներին:
Այսօր Միության առջև խնդիր է դրված իրավական հարթության վրա խորացնել ՀՀ Դատավորների միության և այլ պետությունների հետ համագործակցության հարցը, որն, անշուշտ, կխթանի ԼՂՀ անկախության ճանաչման հետագա գործընթացներին: