Դատական ծառայությունն օրենքով դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է:
Դատական ծառայությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության մասն է: Դատական ծառայությունն իրականացվում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դատական դեպարտամենտ) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում և առանձնացված ստորաբաժանումներում: Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ խմբերի և ենթախմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, խնդիրների բարդության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից: Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
- դատական ծառայության բարձրագույն պաշտոններ.
- դատական ծառայության գլխավոր պաշտոններ.
- դատական ծառայության առաջատար պաշտոններ.
- դատական ծառայության կրտսեր պաշտոններ:
Յուրաքանչյուր խմբի դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին և 2-րդ ենթախմբերի: Դատական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
Դատական ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի իր անձնագիրը, որը սահմանում է այդ պաշտոնը զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաև դատական ծառայության համապատասխան փորձի պահանջները: Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին պատշաճ տիրապետող Արցախի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով՝ բացառությամբ ՙԴատական ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված դեպքերի:
Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի և դատական ծառայության կրտսեր պաշտոնների, ինչպես նաև Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ: Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները և սույն օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք: Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու և դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում և /կամ/ զանգվածային լրատվության այլ միջոցներով: Փակ մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի է առնվում մրցույթի մասնակցի գործունեության գնահատման բնութագիրը: Օրենքով սահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու, ինչպես նաև դատական ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու և սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքերում Դատական դեպարտամենտի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին:
Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առավելագույն տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվական այլ միջոցներով, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:
Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացնում են Օրենքով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:
Մրցույթն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի փուլերով:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Թեստերը կազմվում են դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով: Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
Հարցազրույցն անցկացվում է թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակցին գնահատելու և մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով: Հարցազրույցի փուլում մասնակիցները գնահատվում են ըստ յուրաքանչյուր գնահատման ենթակա հատկանիշի՝ միավորային կարգով:
Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող: Եթե միավորների առավելագույն քանակ հավաքել են մեկից ավելի թեկնածուներ, ապա հաղթողին որոշում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Ամփոփիչ արձանագրությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կամ հաղթող ճանաչված մասնակիցներից որևէ մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում: Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը, կամ մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, կամ դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, կամ մրցույթն անց է կացվել Օրենքով և դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգի էական խախտմամբ, կամ մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր, ապա անց է կացվում կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով: Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած, կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դատական ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող անձանցից` հարցազրույցով, ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման միջոցով: Կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում նոր մրցույթը հայտարարվում է 2 ամիս հետո: Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթներին դատական ծառայողները, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:
Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժինը /այսուհետ Բաժին/:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Բաժնին ներկայացնում են`
1. գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.
- դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը` պատճեններով.
- տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ԼՂՀ կառավարության 21.05.2009թ. թիվ 325-Ն որոշում).
- երկու գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ /պատճենով/ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
- անձնագրի պատճենը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Փաստաթղթերը ընդունելուց հետո դիմորդներին տրվում են համապատասխան հարցաշարեր:
Դիմողները մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար դիմողները կարող են դիմել Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (ք. Ստեփանակերտ,Դավիթ Բեկի 21, հեռախոսներ՝ 95-96-98; 95-96-92):