Դատական դեպարտամենտ: Դատական կարգադրիչների ծառայություն

2010թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) կազմում սկսեց գործել դատական կարգադրիչների ծառայությունը: Դատական կարգադրիչների ծառայության համակարգը կազմված էր դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումներից, որոնք ստեղծվել և գործում էին ըստ դատարանների:

2018թ. հունվարի 1-ից ըստ դատարանների գործող դատական կարգադրիչների առանձնացված ստորաբաժանումները ներառվեցին «Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայություն» Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կազմում:

Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները, կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով /այսուհետ՝ Օրենսգիրք/  և այլ իրավական ակտերով:

Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են՝ ապահովել դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից, տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը, Արցախի Հանրապետության Դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության, գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:

Դատական կարգադրիչների ծառայությունը իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Արցախի Հանրապետության ոստիկանության և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:

Դատական կարգադրիչների ծառայությունը Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում է:

Դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը համակարգում է Դեպարտամենտի ղեկավարը, իսկ ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը:

Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը` Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:

Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի և ենթախմբերի.

1) դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոն՝

ա. դատական կարգադրիչների ծառայության պետ.

2) դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոն՝

ա. դատական կարգադրիչների ծառայության ավագ մասնագետ.

3) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ՝

ա. ավագ դատական կարգադրիչ,

բ. դատական կարգադրիչ:

Դատական կարգադրիչի պաշտոնում նշանակվելու դեպքում քաղաքացուն շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում:

Դատական կարգադրիչների ծառայության պաշտոններում նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:

Դատական կարգադրիչներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում, որի կարգը և ժամաքանակը սահմանում է Դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:

Դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝  պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը,  դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնելու անձին կամ սահմանափակելու այդ որոշման մեջ մատնանշված անձի մուտքը դատական նիստերի դահլիճ, զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը, Օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:

Դատական կարգադրիչների գործունեությունն իրականացվում է օրինականության, անձի իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:

Դատական կարգադրիչնրը պարտավոր են պահպանել Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված «Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները»:

Դատական կարգադրիչները ծառայողական պարտականություններ կատարելիս կրում են համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը սահմանում է Կառավարությունը: Համազգեստ հատկացնելու և կրելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը` Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:

Դատական կարգադրիչներին տրվում են Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:

Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիները դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված կարգով Արցախի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունում, երդվում եմ իմ լիազորություններն իրականացնելիս պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականություններս, բարձր պահել դատարանի հեղինակությունը:»:

Դատական կարգադրիչների առաջին երդման արարողությունը կազմակերպվել և անց է կացվել 2013թ. հունիսի 12-ին:

Դատական կարգադրիչների ծառայության պետ՝  Էդվին  Գենադիի Մանգասարյան

Հեռ՝ 047-96-95-99