ԱՀ դատական դեպարտամենտը հայտարարում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

 

         Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի №ԲԴԽ-24-Ո-1/18թ. որոշումը՝ դատավորների թեկնածուների ցուցակը մեկ թեկնածուով համալրելու և որակավորման ստուգումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտարարվում է որակավորման ստուգում:

   Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը /այսուհետ՝ Դեպարտամենտ/ տեղեկացնում է, որ դատական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դեպարտամենտ՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը /հասցե՝ ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42/:

Հայտերի հետ հավակնորդները պետք է նրկայացնեն համաձայնություն՝ իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Հավակնորդը պարտավոր է հայտին կից ներկայացնել Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված հետևյալ փաստաթղթերը՝

 1) անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով,

2) հինգ գունավոր լուսանկար 3×4 չափսի,

3) հանրային ծառայությունների համարանիշ՝ պատճենով,

4)բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաս­տող փաստաթուղթ՝ պատճենով,

5) իր կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատաս­խան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները),

6) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտ ներկայացնող անձը արական սեռի է)՝ պատճենով,

7) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին փաստաթուղթ:

Հավակնորդը պարտավոր է նաև ներկայացնել Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված փաստաթղթեր, ինչպես նաև իրավունք ունի ներկայացնելու Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված ձևի երաշխավորագիր-նամակներ:

Հավակնորդից գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 34.1-ին կետով սահմանված չափով: Վճարումը կատարվում է 915005160113 հաշվեհամարին:

Հայտերի ընդունումը Դեպարտամենտի կողմից մերժվում է, եթե այն ներկայացվել է Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված պահանջներին: Նման հայտերը դատական դեպարտամենտի կողմից ենթակա են վերադարձման հայտատուին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման ստուգման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում /www.courtnkr.am, «Նորություններ» բաժնում/:

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ