ԱՀ Դատական համակարգը նշել է մասնագիտական տոնը

2011 թվականից հունվարի 20-ը մեր հանրապետությունում պաշտոնապես նշվում է դատական համակարգի աշխատողի օր: Օրը պատահական չէր ընտրվել. 95 տարի առաջ, 1924 թվականին, նույն օրը ձեւավորվեց Արցախի մարզային դատարանը:

Անկախության հռչակումից հետո դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացված ամեն մի քայլ ուղղված էր քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու իրավական պետության ստեղծմանը, որի կայացումն ու հետագա զարգացումն անհնար է պատկերացնել առանց անկախ, վստահելի, արդյունավետ եւ հանրության առջեւ հաշվետու դատական համակարգի:

Դատական աշխատողի մասնագիտական տոն օրվան նվիրված այսօր՝ հունվարի 20-ին հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել Գերագույն դատարանի նիստերի դահլիճում, որին ներկա էին դատական համակարգի աշխատողներ եւ վաստակավոր իրավաբաններ, ովքեր եւս ներդրում ունեն Արցախում դատական համակարգի կայացման գործում։

 Տոնի առթիվ համակարգը շնորհավորանքներ է ստացել ԱՀ նախագահից, ԱՀ Դատախազությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից։ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով դատական համակարգի մի շարք աշխատակիցներ բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվել են արժեքավոր նվերներով։

  «Արդարամտությունը,  անաչառությունն ու օրենքի տառին  հավատարմությունը այն բնութագրական   հատկանիշներն են, որոնցով ամբողջանում է  դատական իշխանության  առաքելությունը, եւ որը դուք  իրականացնում եք պատվով ու բարձր պատասխանատվությամբ»,-  շնորհավորական ուղերձում նշել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

    ԱՀ Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Սամվել Շահրամանյանը կարեւորել է   համակարգի աշխատակիցների   հայրենանվեր աշխատանքը եւ  շնորհավորական ուղերձում նշել է.  «hամակարգի աշխատակիցները իրենց արհեստավարժ, անկողմնակալ եւ հայրենանվեր գործունեությամբ միշտ էլ  նպաստել են  ապահովելու օրենքի գերակայությունն ու արդարադատությունը մեր երկրում»:

Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին ԱԳ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը շնորհավորական խոսքում նշել է, որ օրը առիթ է ամփոփելու կատարածը եւ խոսելու բացթողումների մասին։

 «Բոլորս էլ գիտակցում ենք, որ հասարակության ամենամեծ պահանջը արդարությունն է, եւ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության ամրապնդման համար: Մեր պարտականությունների բարեխիղճ ու օբյեկտիվ կատարմամբ միայն կարող ենք արժանապատվորեն իրականացնել Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորությունը՝ արդարադատությունը»,- ընդգծել է Նարինե Նարիմանյանը։

 Շնորհավորանքներով հանդես են եկել նաեւ ԱՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադեւոսյանն ու ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը։

 «Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն 2018 թվականից գործում է Բարձրագույն դատական խորհուրդը, որի համար այս տարին դարձավ նոր և կարևոր խնդիրների լուծման տարի, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը ստեղծման պահից կատարում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները՝ իր լիազորությունների շրջանակներում»,- նշել է Գայանե Գրիգորյանը։