Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:
Սա եւս մեկ առիթ է արժեւորելու եւ կարեւորելու ձեր առանցքային դերակատարությունը օրինականության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ պետականաշինության գործում :
Տարիներ շարունակ իրականացված բարեփոխումների եւ սկզբունքային քաղաքականության նպատակն էր ունենալ անկախ եւ արհեստավարժ դատական իշխանություն, որի զարգացումն ու կատարելագործումը , դատական մարմինների եւ դատավորի լիարժեք անկախության ու ինքնուրույնության ապահովմանն ուղղված աշխատանքներն այսուհետ եւս պետք է լինեն հետեւողական ու կրեն շարունակական բնույթ:
Դատական համակարգի եւ գործող դատավորների առաջնահերթ խնդիրներից եղել եւ մնում է օրենքի տառին եւ ոգուն, արդարադատության սկզբունքներին խստագույնս հետեւելն ու դրանցով առաջնորդվելը: Համոզված եմ, որ դա մշտապես կլինի ձեր գործունեության հիմքում եւ կօգնի արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթները:
Պետությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատական համակարգի աշխատողների աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ:
Թանկագ՛ին բարեկամներ,
մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում բոլորիդ հաջողություններ աշխատանքում եւ ընտանիքում: