ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի շնորհավորական ուղերձը՝ դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ

            2011 թվականից հունվարի 20-ին մեր հանրապետությունում պաշտոնապես նշվում է  դատական համակարգի աշխատողի օրը: Այդ օրը պատահական չէր ընտրվել. 95 տարի առաջ, 1924 թվականին, նույն օրը ձեւավորվեց Արցախի մարզային դատարանը:

            Անկախության հռչակումից հետո դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացված ամեն մի քայլ ուղղված էր քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու իրավական պետության ստեղծմանը, որի կայացումն ու հետագա զարգացումն անհնար է պատկերացնել առանց անկախ, վստահելի, արդյունավետ եւ հանրության առջեւ հաշվետու դատական համակարգի:

            Իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը հենց հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովումն ու դատարանների գործունեությունն ավելի արդյունավետ ու թափանցիկ դարձնելն է:

            Հարգելի գործընկերներ, այս մասնագիտական տոնը առիթ է անդրադառնալու համակարգի եւ հաջողություններին, եւ բացթողումներին: Տարիների պատմությունը փաստում է, որ քիչ չէին այդ ձեռքբերումները: Այստեղ ներկա յուրաքանչյուր ոք իր ներդրումն ունի անկախ դատական իշխանության կայացման, հանրային վստահության ձեւավորման եւ արդարադատության որակի բարելավման գործում: Հատկապես ուզում եմ կարեւորել մեր ավագ գործընկերների ավանդն այս ամենում: Պետք է արձանագրել սակայն, որ կան որոշ բացթողումներ, որոնց շտկման ուղղությամբ անելիքներ դեռեւս ունենք։ Գաղտնիք չէ, որ դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը դասվում են երկրի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման հիմնական երաշխիքների շարքին, եւ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը երկրի ներքին սպառնալիքներից մեկն է: Բոլորս էլ գիտակցում ենք, որ հասարակության ամենամեծ պահանջը արդարությունն է, եւ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության ամրապնդման համար: Մեր պարտականությունների բարեխիղճ ու օբյեկտիվ կատարմամբ միայն կարող ենք արժանապատվորեն իրականացնել Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորությունը՝ արդարադատությունը:

            Իսկ դրա համար կարեւոր է դատարանների արդյունավետ գործունեությունը, ինչի ապահովման անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործում իրենց ներդրումն ունեն նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները:

            Այս տարիների ընթացքում պետությունը, կարեւորելով դատական իշխանության դերը, իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահել դատական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված խնդիրները, ինչպես նաեւ աջակցել համակարգի աշխատողների աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային հարցերի լուծմանը, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում երկրի բարձրագույն ղեկավարությանը:

            Հարգելի գործընկերներ, շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ, որ այսուհետ եւս մեր ջանքերը միտված լինեն դատավորի հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը։         Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում։ Խաղաղություն եւ բարօրություն ձեր ընտանիքներին»։