Հարգելի գործընկերներ,
Բարձրագույն դատական խարհրդի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս մասնագիտական տոնի՝ դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:
Այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության դատական համակարգը նեցուկ է եղել մեր անկախ պետության կայուն զարգացմանը:
Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ մեզ բոլորիս վերապահված է շատ կարևոր և պատասխանատու առաքելություն՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Դատական համակարգն իր ուրույն դերն ունի նաև հասարակության մեջ իրավական մշակույթի, իրավագիտակցության, օրենքի հանդեպ հարգանքի ձևավորման գործում: Այդ աշխատանքը բարձր պատասխանատվությամբ կատարում են բոլոր ատյանների դատավորները, դատական ծառայողները և աշխատողները, քաջ գիտակցելով մեր գործունեության ողջ կարևորությունը:
Մեր հարափոփոխ ժամանակներում իրավաընկալումն ու մարդկանց աշխարհայացը, հասարակական և միջանձնային հարաբերությունները ստիպում են մեզ ավելի կատարելագործել մեր ներքին կարողությունները, մասնագիտական ներուժը՝ դատական համակարգի շարունակական աշխատանքն ու զարգացումն ապահովելու նպատակով:
Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն 2018 թվականից գործում է Բարձրագույն դատական խորհուրդը, որի համար այս տարին դարձավ նոր և կարևոր խնդիրների իրագործման տարի, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը ստեղծման պահից կատարում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները՝ իր լիազորությունների շրջանակներում:
Վստահեցնում եմ, որ մեր աշխատանքը ծառայում է մեր ընդհանուր գործին՝ երկրում արդարադատության զարգացմանն ու դատական իշխանության անկախության ամրապնդմանը:
Գաղտնիք չեմ բացահայտի, նշելով, որ դատավորը մասնագիտական ողջ կյանքում բախվում է հայցվորի և պատասխանողի, մեղադրանքի և պաշտպանության կողմերի, տուժողի և մեղավորի միջև ծագած վեճերի արդար լուծման խնդրին: Ոստի, օգտվելով առիթից, հաշվի առնելով մեր առօրյա կյանքի այդ բարդ պայմանները, թույլ տվեք Բարձրագույն դատական խորհրդի և անձամբ իմ անունից մաղթել մեզ խաղաղություն և հաջողություններ մեր դժվար առաքելության իրականացման գործում: Թող ցանկացած խրթին և դժվար լուծելի խնդիր գտնի իր արդարացի լուծումը, թող ամուր և անկոտրուն լինի ցանկացած դատավորի կամքն՝ ի ծառայություն օրենքի և արդարադատությանը: