Կայացել է «Դատավորների միություն» հասարակական կազմակերպության հաշվետու ժողովը

Այսօր՝ Մարտի 29-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության «Դատավորների միություն» հասարակական կազմակերպության  հերթական ժողովը, որի օրակարգում երեք հարց էր՝ 2017-18թթ կատարած աշխատանքների մասին հաշվետվություն,  ֆինանսական հաշվետվություն եւ կազմակերպության խորհրդի անդամների ընտրություն։

 Ամփոփելով անցած  տարիների կատարած աշխատանքը՝ «Դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Խաչատրյանը նշել է, որ կցանկանար հետագայում  հաճախակի դարձնեին մասնագիտական քննարկումները՝ նպաստելով ոլորտում առկա իրավական  խնդիրների լուծմանը։

 Անցած երկու տարիների ընթացքում  կազմակերպության նախագահի խոսքով տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ թե՛ մասնագիտական քննարկումներ, թե՛ մշակութաժամանցային միջոցառումներ։ 

«Համագործակցությունը շարունակվում է ՀՀ «Դատավորների միության հետ»,  եւ այս տարվա ընթացքում նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում ՀՀ Արդարադատության ակադեմիայի հետ»,- նշել է  Հասմիկ Խաչատրյանը։

Ինքնաֆինանսավորվող կազմակերպության անդամները ԱՀ դատավորներն են, որոնցից մի քանիսը ժողովի ընթացքում  նշեցին, որ  դատավորի մասնագիտական աճը հիմնականում  սահմանափակվում է  ՀՀ արդարադատության ակադեմիայի վերապատրաստման դասընթացների մասնակցությամբ, այնինչ  կարելի է  մշակել ծրագիր, որպեսզի չճանաչված երկրի դատավորները հնարավորություն ունենան մասնակցելու միջազգային գիտաժողովների եւ որակավորման դասընթացների։

Օրակարգի երրորդ հարցը կազմակերպության խորհրդի ընտրությունն էր։ Փակ գաղտնի քվեարկությամբ կազմակերպության նախագահ է վերընտրվել Հասմիկ Խաչատրյանը, խորհրդի անդամներ՝ ԱՀ Առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադեւոսյանը եւ ԱՀ վերաքննիչ դատարանի  դատավոր Մարատ Ավանեսյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նաեւ  հաշվիչ հանձնաժողով՝ երեք  դատավորներից կազմված։