
Այսօր՝ մայիսի 10-ին Արցախի պետական համալսարանում կայացավ ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը` որպես կայուն ժողովրդավարության կարեւորագույն գրավական» գրքի շնորհանդես-քննարկումը:
Արցախի պետհամալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի եւ Դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանի հրավերով Արցախում գտնվող Անահիտ Մինասյանը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ:
Գրքի շնորհանդեսին ներկա էին ԱՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԱՀ ԲԴԽ նախագահ Գայանե Գրիգորյանը, դատավորներ, դասախոսներ եւ ուսանողներ:

Մենագրության հեղինակ Անահիտ Մանասյանը նշել է, որ գրքի շնորհանդեսը ՀՀ-ում կազմակերպելուց զատ անհրաժեշտություն էր այն նաեւ Արցախում ներկայացնելը, քանի որ Արցախի հետ կապված է ջերմ հուշերով, եւ արցախյան միջավայրում առանձնահատուկ ջերմություն կա:
Շնորհավորելով հեղինակին գրքի շնորհանդեսի առթիվ ԱՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը նշեց, որ Անահիտ Մինասյանը նոր անուն չէ գիտական ոլորտում եւ հաճախակի է հանդես գալիս «ԼՂՀ Դատական իշխանություն պարբերականում»:

«Բավականին ժամանակատար եւ քրտնաջան աշխատանք է տարել Անահիտ Մինասյանը, համարձակ եզրահանգումներ է արել, ինչը, կարծում եմ, կարելի է հաշվի առնել ՀՀ եւ ԱՀ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու ժամանակ»:
ԱՀ դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանը կարեւորելով Ա. Մանասյանի մենագրության շնորհանդես-քննարկման անցկացումը Արցախի պետհամալսարանում, նշեց, որ համալսարանը լինելով Արցախի գիտական կաճառը՝ յուրահատուկ հարթակ է դարձել գիտական աշխատությունների յուրօրինակ քննարկման համար:

«Մենագրության կարեւոր արժեքներից է իշխանությունների բաժանման համատեքստում դատական իշխանության հաշվետվողականության եւ դատական իշխանության ու անկախության հավասարակշռման հայեցակարգը»,- նշել է նա:
ԱՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի հավաստմամբ՝ աշխատությունը գրված է պարզ լեզվով՝ հասկանալի նաեւ ոչ մասնագետներին:
«Կարեւոր է, որ սահմանադրությունը ներկայացված է ոչ թե զուտ որպես օրինական թուղթ, այլ որպես արժեհամակարգ»,- ընդգծել է Գայանե Գրիգորյանը:
Ներկաները շնորհավորել են Անահիտ Մինասյանին, հույս հայտնելով, որ հետագայում նոր աշխատություններ լույս կտեսնեն: