Կայացավ Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ժողովածուի շնորհանդեսը

«Գերագույն  դատարանի այս վերջին տասը տարիների փորձը վկայում է, որ  Գերագույն  դատարանի նախադեպային որոշումները լուրջ դերակատարություն են ունեցել Արցախի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության կայացման և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ իրավական կառուցակարգերի ստեղծման համար»,- այսօր  կայացած Գերագույն դատարանի նախադեպային որոշումների  ժողովածուի  շնորհանդեսի ժամանակ ընդգծել է ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը:

Ժողովածուի շնորհանդեսին ներկա էին  ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, իրավական համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր:

Նախադեպային որոշումների առաջին ընտրանին ներառում է 2009թ.-ից մինչև 2018թ.-ը Գերագույն դատարանի կողմից կայացված որոշումները, որոնք վերաբերում են իրավունքի տարբեր բնագավառներում առկա կարևորագույն խնդիրների կարգավորմանը: Ընտրանին պայմանականորեն բաղկացած է 3 մասից՝ քաղաքացիական, քրեական և վարչական, որոնք իրենց հերթին բաժանվում են նյութականի և դատավարականի՝ մանրամասնելով կոնկրետ որոշմամբ մեկնաբանվող նորմերը:

«ԱՀ  Գերագույն  դատարանի   լիազորությունն  արտահայտում  է  իրավունքի  միատեսակ    կիրառությունն ու  զարգացումը»,- շնորհավորական խոսքում նշել է ԱՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը:

Շնորհավորելով  դատական համակարգի ներկայացուցիչներին նախադեպային որոշումների  առաջին հատորյակի շնորհանդեսի կապակցությամբ՝  ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշել է .

 «Իմ  կարծիքով  դատարանն  առաջնային  օղակն  է  իրավունքի  իրացման, օրենսդրության  կիրառման, և  հենց   դատարանը  պետք  է սահմանի  թե   գործնականում  ինչպես     պետք   է   կիրառվի  օրենսդրությունը,  և  ինչպես  պետք  է  պաշտպանվեն  իրավունքները: Այս  ձեռնարկը    Մարդու   իրավունքների    պաշտպանի     աշխատակազմի  համար  կարևոր ընտրանի  է, քանի որ   հաճախակի  քաղաքացիները  դիմում  են  մեզ  այնպիսի  բողոքներով, որոնք  պետք  է   լրացուցիչ  ուսումնասիրության ենթարկվեն՝  հաշվի  առնելով   դատական  նախադեպը»:

Իրավական համակարգի ներկայացուցիչների համար  այսուհետ ուղեցույցի դեր է ստանձնելու  նախադեպային որոշումների ժողովածուն: Արցախի  Դատախազության եւ փաստաբանական  պալատի ներկայացուցիչները ընդգծեցին ժողովածուի այժմէականությունն ու կարեւորությունը: