ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ դատական համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ

        

 Սիրելի՛ գործընկերներ, այսօր մենք տոնում ենք «Դատական համակարգի աշխատողի» մասնագիտական օրը, որը յուրաքանչյուր դատավորի համար առիթ է ամփոփելու և    գնահատելու  կատարած աշխատանքը:

Դատական իշխանությունը պետական կառավարման համակարգում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված համակարգ է, որի պատշաճ աշխատանքով է պայմանավորված ինչպե՛ս երկրի օրենսդիր և գործադիր մարմինների բնականոն գործունեությունը, այնպես էլ հազարավոր մարդկանց սահմանադրական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:  Ժամանակակից  դատավորն ուղղակի պարտավոր է ունենալ մասնագիտական բարձր պատրաստվածություն, գործունեության ընթացքում ցուցաբերել սկզբունքայնություն և անկախություն՝ տված երդմանը  հավատարիմ ինչպես նաև անձնական   բարեվարքությամբ նպաստել հասարակության մեջ դատական իշխանության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը:

 Բարձրագույն դատական խորհուրդը, որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ստեղծված պետական մարմին, երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Անվիճելի է, որ նոր ինստիտուտի կայացման ճանապարհին առկա են մի շարք խնդիրներ՝ կապված նոր օրենսդրական կարգավորումների, նոր օրենսդրական գործիքակազմի ներդրման հետ, ինչը բնական է և հանդիսանում է մեր աշխատանքային առօրյայի կարևորագույն և անբաժանելի մասը: Պետք է փաստենք, որ Բարձրագույն դատական խորհրդի արհեստավարժ կազմը, գիտակցելով խորհրդի կայացման կարևորությունը, բարձր պատասխանատվությամբ է իրագործում ստանձնած պարտականությունները, ինչի համար ավելորդ չեմ համարում հայտնել իմ երախտագիտությունը:

Բարձրագույն դատական խորհրդի և անձամբ իմ անունից կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ աշխատանքային տարի: Եկեք համատեղ ուժերով միշտ բարձր պահենք դատավորի դժվարին, բայց պատվաբեր կոչումը և մեր աշխատանքով նպաստենք մեր անկախ պետության կայուն զարգացմանը: