ԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱՐԻՆԵ ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի գործընկերներ, ուրախալի է ամեն անգամ տարին սկսել դատական համակարգի աշխատողի տոնը նշելով: Այդ առթիվ ցանկանում եմ ի սրտե շնորհավորել դատական համակարգի բոլոր աշխատողներին՝ մաղթելով հաջողություն, նոր ու մնայուն ձեռքբերումներ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ապահովման ու Արցախի պետականության ամրապնդմանն ուղղված գործում։

         Իրավական պետության կառուցման ճանապարհին դատական իշխանությունն իր հաստատուն և առաջանցիկ քայլերով շարունակում է իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը`արդարադատություն:

Դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու միակ միջոցը մեր կողմից անկողմնակալ և օրենքի տառին համապատասխան դատական ակտերի կայացումն է, ինչն իր հերթին պահանջում է մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործում: Վերջին տարիներին դատական գործերի կտրուկ աճ է գրանցվել, ինչը վկայում է հասարակության կողմից դատարանի հանդեպ վստահության բարձրացման մասին։

         Դատական համակարգի որոշումներն օրեցօր նոր իրավամտածողության ձևավորման հիմք են դառնում և արտացոլում են ո՛չ միայն հայրենական իրավագիտության ձեռքբերումները, այլ նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում ամրագրված սկզբունքները:  Այս ձեռքբերումներն անհնար կլինեին առանց մեր ավագ գործընկերների ներդրած ավանդի:

         Հարգելի գործընկերներ, կարևորելով ձեր անձնուրաց ու բարեխիղճ  աշխատանքը, համոզված եմ, որ այսուհետ ևս մեր ջանքերը միտված կլինեն իրավունքի գերակայության ապահովմանն ու ժողովրդավարական պետության կերտմանը։          Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ուժ և կորով՝ մեր բարդ ու պատասխանատու աշխատանքում: