Այսօր Դատական համակարգի աշխատողի մասնագիտական օրն է

Արցախում հոբելյանական 10-րդ անգամ նշվում է դատական համակարգի աշխատողի մասնագիտական օրը:  Տոնի առթիվ  այսօր կայացած հանդիսավոր ժողովի ժամանակ համակարգի աշխատակիցներին շնորհավորելու էին եկել  պաշտոնատար անձինք՝  նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Շնորհավորական խոսքում ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը կարեւորել է համակարգի վետերանների եւ ներկայիս աշխատակիցների դերը՝ դատական համակարգի կայացման եւ   արդարադատության իրականացման բարդ գործընթացում:

«Դատական համակարգի որոշումներն օրեցօր նոր իրավամտածողության ձեւավորման հիմք են դառնում եւ արտացոլում են ո՛չ միայն հայրենական իրավագիտության ձեռքբերումները, այլ նաեւ՝ Մարդու իրավունքների եւրոպական դատարանի որոշումներում ամրագրված սկզբունքները:  Այս ձեռքբերումներն անհնար կլինեին առանց մեր ավագ գործընկերների ներդրած ավանդի»,- ընդգծել է Նարինե Նարիմանյանը:

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական խոսքում ընդգծել է դատական համակարգի դերը` երկրում օրինականության պահպանման գործում:

«Շատ կարեւոր է քաղաքացիական եւ ծառայողական պարտականությունների կատարումը,  բայց առավել կարեւոր է հայրենական պարտականությունների կատարումը: Ես  տեսել եմ  դա ձեր կողմից եւ  հատուկ շնորհակալություն եմ հայտնում »,- ասել է նախագահը:

ԱՀ նախագահի հրամանագրով, ակտիվ ու բարեխիղճ գործունեության համար «Մխիթար Գոշ»  մեդալով պարգեւատրվել են ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լիլյա Ավանեսյանը եւ Գերագույն դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանը:  Նախագահի  կարգադրություններով   դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ արժեքավոր նվերների եւ դասային աստիճանի են արժանացել  համակարգի մի շարք աշխատակիցներ:

Օրվա առթիվ  դատական ծառայողներին շնորհավորել է   ԱՀ Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Արդարադատության նախարարի խոսքով դատական համակարգը կարեւորագույն աշխատանք է տանում եւ հատուկ դեր ունի երկրի իրավական քաղաքականության ձեւավորման եւ իրականացման գործում:

Օրվա առթիվ աշխատակիցներին շնորհավորել է նաեւ Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը.

«Ժամանակակից  դատավորն ուղղակի պարտավոր է ունենալ մասնագիտական բարձր պատրաստվածություն, գործունեության ընթացքում ցուցաբերել սկզբունքայնություն եւ անկախություն՝ տված երդմանը  հավատարիմ, ինչպես նաեւ անձնական   բարեվարքությամբ նպաստել հասարակության մեջ դատական իշխանության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը»,- ընդգծել է Գայանե Գրիգորյանը: