
Մեկնարկել է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող հարցազրույցը
Հարցազրույցը դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող քննության կարեւորագույն մասերից է. հարցազրույցին մասնակցող միակ թեկնածուն Կարինե Կարոյի Բաբայանն է:
Հարցազրույցին մասնակցելու իրավունք ստացած հավակնորդներն անցնում են հոգեբանական թեստ` ուղղված պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման եւ դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը:
Հարցերի մշակմանը չեն կարող ներգրավվել Խորհրդի անդամ հանդիսացող դատավորները:
Բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, Դիտորդներից եւ Դեպարտամենտի ներկայացուցչից՝ այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում:
Դատական դեպարտամենտն ապահովում է հարցազրույցի ամբողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը հարցազրույցի անցկացման սենյակից դուրս գտնվող տարածքում, որտեղ հարցազրույցի ընթացքին կարող է հետեւել ցանկացած անձ՝ առանց տեսաձայնագրելու կամ առցանց հեռարձակելու հնարավորության:
Դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին սահմանված հատկանիշների/ստորեւ ներկայացված են/ , իսկ գիտությունների թեկնածու հավակնորդին՝ նաեւ նրա գիտական հետազոտությունների ոլորտի մասին:
Հարցազրույցի ժամանակ Խորհրդի անդամներին տրամադրվում է Խորհրդի որոշմամբ հաստատված ձեւի հարցաթերթ, որտեղ նշվում են հավակնորդի գնահատման ենթակա հետեւյալ հատկանիշները (չափորոշիչները).
- մասնագիտական աշխատանքի փորձառությունը,
- դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը,
- դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը,
- ինքնատիրապետումը,
- վարվեցողությունը,
- հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառումը,
- պատասխանատվության զգացումը,
- ունկնդրելու կարողությունը,
- հաղորդակցվելու հմտությունները,
- արդարամտությունը,
- վերլուծական կարողությունները,
- կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու կարողությունը,
- դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ գիտելիքների առկայությունը:
- Հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկումն իրականացվում է դռնփակության պայմաններում՝ բացառապես Խորհրդի անդամների մասնակցությամբ:
Դատական դեպարտամենտը պարտավոր է հավակնորդի դիմումով երկօրյա ժամկետում նրան տրամադրել հարցազրույցի՝ իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը:
Հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը հաջորդում է գաղտնի քվեարկությունը:
Քննության արդյունքները հրապարակվելու են ԱՀ դատական համակարգի պաշտոնական կայքէջում՝ courtnkr.am՝ հասցեով: