կյանքից հեռացել է ԱՀ Գերագույն դատարանի նախկին դատավոր Սուրեն Ալեքսանյանը

ԱՀ Գերագույն դատարանը խոր վշտով տեղեկացնում է, որ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՀ Գերագույն դատարանի նախկին դատավոր, ԱՀ վաստակավոր իրավաբան Սուրեն Մարտիրոսի Ալեքսանյանը:

Սուրեն Ալեքսանյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 11-ին, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 1955թ. ավարտել է Աշխաբադի իրավաբանական դպրոցը: 1957թ. ընդունվել է Թուրքմենստանի Մ.Գորկու անվան պետական համալսարանի պատմա-իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1963թ.: 1963 թվականից աշխատել է որպես փաստաբան, այնուհետեւ՝ իրավախորհրդատու:

1963-1970թթ. աշխատել է որպես Թուրքմենստանի Հանրապետության դատախազի օգնական: 1970-76թթ. ԼՂԻՄ Հադրութի շրջանի դատախազն էր: 1979թ. աշխատել է որպես Մարզային դատարանի անդամ, այնուհետեւ՝ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի տեղակալ:

1979-1993թթ. աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի տեղակալի պաշտոնում: 1995-2002թթ. աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում: 2002-2008թթ. աշխատել է որպես Գերագույն դատարանի նախագահի ավագ խորհրդական:

2002թ. Սուրեն Ալեքսանյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, իսկ 2006թ. նրան շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Անուրանալի է Սուրեն Ալեքսանյանի ներդրումը ԱՀ դատական համակարգի ձեւավորման եւ կայացման գործում, նա արդարադատության իրականացման անկողմնակալ եւ ազնիվ նվիրյալ էր: Սուրեն Ալեքսանյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների սրտերում: